ԱԽ նիստեր

sessions

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

25 / 04 / 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Հանրապետության Նախագահն Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև սահմանել դրանց իրականացման ուղղությամբ պետական համապատասխան գերատեսչությունների անելիքները:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության "Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը": Հանրապետության Նախագահը, կարևորելով այս փաստաթղթի ընդունումը և դրանից բխող կոնկրետ ծրագրերի և գործողությունների մշակումն ու համակարգված իրականացումը, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հանձնարարել է պետական բոլոր շահագրգիռ գերատեսությունների առաջարկությունների համադրմամբ մեկամսյա ժամկետում լրամշակել փաստաթուղթը և ներկայացնել հաստատման:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է նաև հայ-թուրքական քաղաքական երկխոության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը: Անդրաառնալով խնդրին, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. "Բնական է, որ այսօր մենք մեր խոսակցությունն սկսելու ենք անդրադարձից հայ-թուրքական երկխոսության ընթացքին և երկու օր առաջ Շվեյցարիայի, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությանը: Այդ հայտարարությունը մեր ջանքերի արձանագրումն է` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, որոնց ակտիվորեն աջակցում է Շվեյցարիան: Ես վստահ եմ, որ մենք տեսանելի ապագայում մեր հանրությանը կներկայացնենք նաև այն փաստաթուղթը, որի շուրջ մենք բանակցում ենք և վստահ եմ, որ կստանանք մեր ժողովրդի, մեր հասարակության հավանությունն այդ դրույթներին:

Մեր մոտեցումը հստակ է և պարզ` 21-րդ դարում Եվրոպայում չեն կարող լինել փակ սահմաններ: Արդյունավետ պետություն լինելու համար մենք պետք է բազմազանեցնենք մեր տրանսպորտային միջանցքները, էներգետիկ աղբյուրները, տնտեսական կապերի աշխարհագրությունը:

Վերջերս շատ են շահարկում, թե իբր հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են հայ-ադրբեջանական հարաբերություններով կամ Ղարաբաղի խնդրում զիջումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման է: Մեկ անգամ ևս կրկնում եմ. թուրքերի հետ մեր հարաբերություններում երբեք Ադրբեջանի թեման չի շոշափվել, երբեք Լեռնային Ղարաբաղի թեման չի շոշափվել: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է, և շատ հնարավոր է` դրական ազդեցություն ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա, բայց պայման լինել չի կարող:

Լայն քննարկման առարկա դարձավ նաև համատեղ հայտարարության հրապարակման ժամկետը: Խոսում են այն մասին, որ համատեղ հայտարարության հրապարակումը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին կարող է խոչընդոտել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Կարծում եմ, որ այդպես չէ: Ընդհակառակը: Բոլոր այն մարդիկ, ովքեր հետևել են միջազգային լրահոսին, պետք է համոզվեին հակառակում: Ցեղասպանության թեման այս անգամ դարձավ շատ ավելի ինտենսիվ լուսաբանման առարկա, քան երբևէ նախկինում: Աշխարհի առաջատար բոլոր լրատվամիջոցներն իրենց նորությունները սկսում էին այս թեմայով, ընդ որում, ընդգծում էին, որ, այո, եղել է Ցեղասպանություն, ընդգծում էին, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը բազմիցս կրկնել է, որ հարաբերություններ հաստատելը չի նշանակում հրաժարվել Ցեղասպանությունից կամ կասկածի տակ առնել այն: Թուրքերի հետ հարաբերությունների հաստատումը չի խոչընդոտում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Ցեղասպանության միջազգային ճանաչումը ցեղասպանությունների կանխման միակ ելքն է: Տեղեկատվական հոսքի նման ծավալը, թերևս, համադրելի է միայն Նախագահ Գյուլի Երևան այցի համատեքստում Հայոց Ցեղասպանության թեմայի միջազգային լուսաբանման հետ:

Այն, որ հայտարարությունն արվեց ապրիլի 24-ի նախաշեմին, վկայեց, որ Թուրքիան էլ ընդունում է այդ օրվա խորհուրդն ու նշանակությունը: Հայտարարության համաստորագրումը Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության կողմից, և ԱՄՆ պետքարտուղարության համապատասխան հայտարարությունն, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահի ավելի ուշ` նույն օրն ինձ ուղղված հեռախոսազանգը հաստատեցին միջազգային հանրության և հատկապես` Շվեյցարիայի ու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը հետևողականորեն աջակցել այս գործընթացին ու որոշ առումով հանդիսանալ ձեռք բերված համաձայնությունների երաշխավորը:

Պատմական փաստերի, մեր ազգային նպատակների և հիմնախնդիրների պատճառահետևանքային կապերի վերաբերյալ մեր մոտեցումները չեն փոխվել, դրանք չեն կարող փոխվել: Պարզապես պետք է գիտակցենք, որ ճանապարհ անցնելու համար հարկավոր է քայլ անել. ոչ ոք չի պնդում, թե դա հեշտ է կամ հեշտ է լինելու, բայց պետք է պատրաստ լինենք շարժվելու ճիշտ ճանապարհով և պաշտպանելու մեր շահերը":

Անվտանգության խորհրդի նիստում լսվել և հավանության է արժանացել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի զեկույցը հայ-թուրքական քաղաքական երկխոսության և հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: