ԱԽ նիստեր

Տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

11 / 10 / 2008

Այսօր տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ զեկուցումներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամփոփվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում անցկացված ՙՌուբեժ-2008՚հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները, քննարկվել Հայաստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է նաև մեր երկրում դատաիրավական բարեփոխումների ներկա ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադառնալով դատաիրավական համակարգին և բարեփոխումների ընթացքին, Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասել է. "Դատաիրավական բարեփոխումների շարունակման եւ ընդհանրապես դատական համակարգի խնդիրներին վերջին երկու ամսվա ընթացքում ես առնվազն երեք անգամ հրապարակավ անդրադարձել եմ:

Իմ դիրքորոշումը միանշանակ է. դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ մինչև օրս կատարված քայլերն ու առկա ձեռքբերումները չեմ համարում բավարար, քանի որ դրանք դեռեւս չեն տվել ցանկալի արդյունքը:

Այսօր մեր երկրում դատարանների նկատմամբ լուրջ դժգոհություն կա: Իսկ ոլորտի օրենսդրական բարեփոխումները, որոնց ուղղությամբ էական քայլեր են կատարվել, ինքնին բավարար չեն դատարանի դերը բարձրացնելու համար: Ես արդեն նշել եմ, որ առանձին կարեւորություն ունի հատկապես դատական կոռուպցիայի ու կաշառակերության դրսեւորումների դեմ պայքարը:

Եվ այսուհետ դատաիրավական բարեփոխումների ընթացքը գնահատելու համար ինձ համար ցուցանիշ է լինելու ոչ թե կոնկրետ կատարված քայլերն արձանագրող ցանկի երկարությունը, այլ` համակարգի հանդեպ հասարակական վստահության գնահատականը: Ես հայտարարում եմ, որ ՀՀ Նախագահի աշխատակազմը պարբերաբար պատվիրելու է համապատասխան մասնագիտացված սոցիոլոգիական հարցումներ, որոնք մեզ թույլ են տալու հասկանալ ոչ միայն դատական համակարգի հանդեպ հասարակական վստահության մակարդակը ժամանակի տվյալ պահին, այլեւ այդ ցուցանիշի փոփոխությունը, դինամիկան: Եւ հենց այդ դինամիկայով է, որ մենք պետք է եզրակացություններ անենք, թե ընդունվող օրենքներն ու նորմատիվ փաստաթղթերը, կադրային քաղաքականությունը, կոռուպցիայի դեմ քայլերը, համակարգային լուծումները, դատավորների աշխատավարձերի բարձրացումը եւ մյուս քայլերը որքանով են տեղին ու արդյունավետ:
Այո, մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք դատաիրավական բարեփոխումները: Իսկ այդպիսի ավարտը ենթադրում է մի համակարգի կայացում, որը գործնականում կհեշտացնի դատարան դիմելու իրավունքի իրականացումը անձանց կողմից:

Երաշխավորելով դատավորի անկախությունը` կբարձրացվի դատական պաշտպանության ինստիտուտի դերը և նշանակությունը, հետևաբար նաև` անձանց կողմից դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը:

Եվս երկու կարևոր գործոն: Դատական համակարգը և դրա կառուցվածքը պետք է համապատասխանեն ու հավասարակշռեն հասարակության և արդարադատության շահերը: Տարբեր ատյանների միջև լիազորությունների բաշխումը պետք է իրականացվի այն չափով ու ծավալով, որպեսզի առավելագույնս երաշխավորի եվրոպական չափանիշներին համապատասխանող արդար դատաքննության ինստիտուտի կիրառումը, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, ենթադրում է նաև դատական համակարգի ճիշտ համակարգվածություն, յուրաքանչյուր ատյանի համար լիազորությունների և արդարադատության իրականացման սահմանների հստակեցում:

Մենք պետք է հասնենք մի իրականության, երբ անձը դատարան դիմելիս կամ դատական ակտը բողոքարկելիս, ի սկզբանե հնարավորություն ունենա ողջամտորեն կանխատեսելու դրա հնարավոր արդյունքը և հետևանքները: Այսինքն, կառուցվածքը և համակարգը պետք է լինեն այնպիսին, որ բավարարելով հասարակության պահանջները` միաժամանակ այն հավասարակշռեն արդարադատության շահերի հետ:
Մեզ մեծ գործ է սպասվում անելու: Սա այն բնագավառն է, որտեղ դանդաղկոտությունը կամ անլուրջ վերաբերմունքը չի կարող հանդուրժվել: Համապատասխան կամքի առկայության մասին ես արդեն հրապարակավ հայտարարել եմ. եկել է գործելու ժամանակը: Եվ ես խիստ որոշակի արդյունքներ եմ ակնկալում տեսնել":

Ամփոփելով Նախագահն ասել է, որ այս խնդիրը կլինի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում: Սերժ Սարգսյանը նաեւ հանձնարարել է նախաձեռնել դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ մասնագիտական ու հասարակական լայն քննարկումներ:

×