Հայտարարություններ

ԱԽ քարտուղարի ելույթը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում սեպտեմբերի 1-ի կապակցությամ

01 / 09 / 2018

«Հարգելի պարոն ռեկտոր, մեծարգո պարոն դեսպան, հարգելի դասախոսներ, սիրելի ուսանողներ։
Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Համոզված եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ոգևորությամբ է արժևորում այս օրը, որովհետև գիտությունը և գիտելիքը առանձնահատուկ տեղ ունեն մեր կյանքում։
Սիրելի ուսանողներ,
Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ գիտությունն ավելի շատ մտածողության ձև է, քան փաստերի հավաքածու։ Ավելին, մենք մեր 5 բնական զգայարաններին ավելացրել ենք 6-րդը՝ գիտությունը, և այս 6 զգայարանների միջոցով բացահայտում ենք մեզ շրջապատող աշխարհը։ Ասածիս վառ օրինակն այն է, թե ինչպես է մարդու աչքը տեսնում ծիածանի միայն յոթ գույները, իսկ գիտության կողմից ստեղծված գործիքները հնարավորություն են տալիս բացահայտելու լույսի ճառագայթի ամբողջ սպեկտրն ու ողջ գունապնակը։
Գիտությունը նաև բարձր մշակույթ է, որը հայտ է ներկայացնում իմաստավորելու մեր կյանքը։ Ավելի ճիշտ, կյանքին նոր իմաստ ու նոր գույներ է հաղորդում։ Գիտությունը, ինչպես լավ ֆիլմը կամ վեպը, ինչպես լավ գեղանկարը կամ երաժշտությունը, մեզ հնարավորություն է տալիս կյանքին նոր հայացքով նայել, և որ ամենակարևորն է, վերարժևորել մեր տեղը հասարակության մեջ, աշխարհում և տիեզերքում։ Եվ ուրեմն, երբ մենք մեր կյանքի ժամերից տրամադրում ենք կրթվելուն, դա անում ենք նաև որպեսզի հաղորդակից դառնանք գիտության բարձր մշակույթին։
Գիտությունը հետաքրքիր է նաև նրանով, որ այն չի ճանաչում բացարձակ ճշմարտություններ կամ դոգմաներ։ Եվ հենց այդ պատճառով, երբ մենք մտնում ենք գիտության ասպարեզ, մեր ընկալումները պարբերաբար հայտնվում են կասկածի տակ։ Նոր գիտելիքի ու նոր ընկալումների փնտրտուքը մեզ նորանոր աշխարհներ է տանում, օգնում հասկանալ այլոց ընկալումներն ու հաղորդակից լինել այլոց աշխարհին:
Պատահական չէ, որ մենք՝ որպես ժողովուրդ, մեր կապերը մեր բարեկամների հետ կառուցում ենք նաև գիտության օջախների միջոցով, և մեր միջմշակութային կապերը ուժեղացնում ենք նաև հենց այդ՝ գիտություն կոչվող բարձր մշակույթի միջնորդությամբ։ Ասածիս վառ ապացույցն է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը և ուրիշ կրթօջախներ։
Ու քանի որ մեզ շրջապատող աշխարհն ու տիեզերքը երբեմն նույնիսկ ավելի զարմանալի են, քան կարող ենք պատկերացնել մեր անսահման երևակայությամբ, գիտությունն օգնում է մեզ շարունակաբար բացահայտել բնության ամենաբազմազան և անհավանական դրսևորումները:
Ժամանակի փորձությունն անցած հայտնի միտքը՝ գիտելիքը ուժ է դարերով ապացուցված ճշմարտություն է։ Ձեր կյանքի ցանկացած իրադրությունում գիտելիքը ձեզ ուժ և հմտություն է տալու լուծումներ գտնելու։ Երբեմն մարդիկ սխալմամբ փորձում են գիտությունը ներկայացնել իբրև մեր կյանքից հեռու, մեկուսացված մի երևույթ։ Իրականում, սակայն, գիտությունը մեր առօրյա կյանքի մասն է։
Ներկայի մեր բարեկեցությունն ապահովող գործիքների մեծ մասը խարսխված է գիտության հայտնագործությունների վրա։ Եվ ապագան պատկանում է այն երկրներին, որոնք հավուր պատշաճի են արժևորում գիտությունը և ներդրումներ են կատարում գիտության ոլորտում։
Գիտելիքը պատվաստանյութ է՝ դիմակայալու մեզ շրջապատող աշխարհի տարատեսակ մարտահրավերներին։ Եվ եթե զինված եք գիտելիքներով, ապա կարող եք ձեզ պաշտպանված համարել։ Ինչքան շատ ու բազմազան լինեն գիտելիքները մեր քաղաքացիների «զինանոցում», այնքան ավելի ամուր կլինի մեր անվտանգությունը և ավելի պաշտպանված կլինենք մենք՝ որպես հասարակություն, որպես պետություն, որպես ազգ։
Եվ ինչքան շատ գիտելիք ստանաք, ինչքան ավելի շատ շփվեք գիտության մշակույթի հետ, այնքան կյանքը ձեր շուրջն ավելի գունավոր և լուսավոր կլինի։ Սիրելի ուսանողներ, այս համալսարանի դռներից ներս մտնելիս ձեր առջև խնդիր դրեք գերազանցելու ձեր դասախոսներին և ձեզ համար ընդօրինակելի դարձած գիտնականներին։ Իսկ այդ նպատակին հասնելու համար երկու կարևոր հատկանիշի կարիք եք ունենալու։ Առաջինը աշխատասիրությունն է. ինչքան էլ բնականից օժտված լինեք սուր մտքով, փայլուն հիշողությամբ ու վառ երևակայությամբ, միևնույնն է, այս ոլորտում հաջողության հասնելու գրավականը աշխատասիրությունն է։ Հաջորդ կարևոր պայմանը ազատությունն է։ Ազատություն ասելով՝ ես նկատի ունեմ նախևառաջ մտքի ազատությունը։
Մտքի զարգացման համար ազատությունը կենսական անհրաժեշտություն է։ Եթե խոսքի ազատության հենասյունը մամուլն է, ապա մտքի ազատության հենասյունը համալսարաններն են, որոնք այդ ազատության գլխավոր երաշխավորն են։ Ազատ զգացեք այս շենքի պատերից ներս ու զարգացրեք ձեր միտքը։ Դուք՝ որպես ուսանողներ, նույնպես ազատ մտքի պահապաններն ու զարգացնողներն եք։
Ես համոզված եմ, որ դուք Ալեքսանդր Պուշկինի պես սիրելու եք ազատությունը և ձեր կենսաձևով մի նոր, գեղեցիկ երանգ եք հաղորդելու ազատության գաղափարին, ու երբ Միքայել Նալբանդյանի պես զգաք, որ «ազատություն սիրողներիդ» համար այս աշխարհը խիստ նեղ է, բարձրացրեք ձեր գլուխները՝ տեսնելու, որ աշխարհն իրականում ոչ միայն այն հորիզոնական սահմաններն են, որ գծված են քարտեզի վրա ու մեր շուրջը, այլև այն ուղղահայաց անսահմանությունն է, որ ձգվում է դեպի երկինք, դեպի աստղերը, դեպի անհուն տիեզերք. այնտեղ դուք կգտնեք ազատություն, որը չի ճանաչում ֆիզիկական ու մտավոր սահմաններ ու սահմանափակումներ:
Ու երբ այդ ճանապարհին գիտության «տիեզերքի» նոր խորխորատներ որոնելիս ոգեշնչող նախադեպերի կարիք ունենաք, բացեք Ալենուշ Տերյանի կենսագրությունը և տեսեք, թե ինչպես կարելի է «արևի օգնությամբ» աստղեր դիտելու «աշխարհներ» նվաճել, ուսումնասիրեք Զապել Եսայանի կյանքը, որ հավակնոտ իր ազատատենչությամբ հասարակական կարծր սահմաններից անդին գրչով նվաճեց իր ներքին ազատությունը արտահայտելու իրավունքը։
Մյուս անհրաժեշտ գործոնը, որ գիտության զարգացման համար հիմնարար կարևորություն ունի, հարցեր տալու ունակությունն է։ Պետք է ջանալ ձեռք բերել հարցեր ձևակերպելու ու այդ հարցերի պատասխանները որոնելու հմտություններ։ Հարցեր ձևակերպելու կարողությունը կմեծացնի նոր բան սովորելու ձեր հնարավորությունները, բացի այդ այն կզարգացնի կյանքն արժևորելու ձեր ունակությունները: Եվ պետք է ձգտել հասնել այն մակարդակին, որ ձևակերպեք էզոթերիկ հարցեր, որոնց պատասխանների որոնումը հնարավորություն է տալու ձեզ վերարժևորելու Ձեր տեղը հասարակության մեջ, աշխարհում և տիեզերքում։
Հարցեր տալն օգնում է բացահայտել իրականությունը, իսկ իրականությունն ընդունելը ազատություն է տալիս։ Ազատությունն, ուրեմն, նաև իրականությունը տեսնելն ու ընդունելն է։
Սիրելի ուսանողներ, վստահ եմ՝ դուք դառնալու եք հասարակության վառ անհատականություններ, որ նոր երանգ են հաղորդելու մեր աշխարհին, որ լուսավորված է Մարի Կյուրիի, Դիանա Աբգարի, Առնո Բաբաջանյանի, Անդրեյ Սախարովի, Ջոն Լենոնի, Գայանե Խաչատուրյանի, Ալեքսանդր Միքայելյանի, Տարոն Աճեմօղլուի գյուտերով ու գործերով, հնչյուններով ու գույներով:
Եվ վերջում, ուզում եմ ելույթս ավարտել հայտնի քիմիկոս Համփրի Դեյվիի խոսքերով․ Ոչինչ այնքան վտանգավոր կամ ճակատագրական չէ մարդկային մտքի առաջընթացի համար, որքան այն մտայնությունը, թե գիտության մեր նվաճումները վերջնական են, թե բնության մեջ առեղծվածներ չկան, թե մեր հաղթանակները ամբողջական են եւ բացահայտելու նոր աշխարհներ չկան:
Ի գործ՝ դեպի նոր նվաճումներ, նոր բացահայտումներ ու նոր հաղթանակներ։»

×
×