Հայտարարություններ

announcement

Հերքման պահանջ

03 / 10 / 2019

Այսօր Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանը կեղծ լուրի հերքման պահանջով նամակ է ուղարկել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» և «www.1in.am» (Առաջին լրատվական) կայքի խմբագրություն:

Ստորև ներկայացնում ենք նամակի պարունակությունը.

Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հերքել www.1in.am (Առաջին լրատվական) կայքում 2019 թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 08:50-ին, հրապարակված և «Ժամանակ» թերթի` 2019 թվականի սեպտեմբերի 28-ին տպագրված` #171 (3879) համարում հրապարակված հետևյալ տեղեկությունը (մեջբերումը www.1in.am (Առաջին լրատվական) կայքից).

«Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են ԱԽՔ Արմեն Գրիգորյանին և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ Խնդրել են, որ գոնե երկու ժամով պատվո պահակախումբ լինի շիրիմի մոտ։ Արմեն Գրիգորյանն էլ շատ կոպիտ կերպով մերժել է»:

Հրապարակված տեղեկությունը հիմնված չէ փաստերի վրա, այն ստույգ և իրական չէ և ապատեղեկատվություն է: Ուստի դիմում եմ Ձեզ՝ պահանջելով «Հերքում» խորագրի ներքո նույն տեղակայմամբ, ձևավորմամբ, տառատեսակի չափով ու տեսակով հրապարակել www.1in.am (Առաջին լրատվական) կայքում 2019 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:50-ին, հրապարակված և «Ժամանակ» թերթի՝ 2019 թվականի սեպտեմբերի 28-ին տպագրված` #171 (3879) համարում հրապարակված տեղեկության հերքումը:

Որպես ներկայացված պահանջի հիմնավորում՝ ներկայացնում եմ հետևյալ իրավական կարգավորումները և դրանց առնչվող փաստերը.

1. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

2. ԵԽ Նախարարների կոմիտեի Rec(2003)13 հանձնարարականում ճանաչվում է ուղղման կամ պատասխան ներկայացնելու իրավունքը` հաշվի առնելով, որ ոչ ճիշտ տեղեկատվությունը կարող է վնաս հասցնել(...):

3. Խոսքի և մամուլի ազատությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմքը և ենթակա է լայն պաշտպանության նույնիսկ այն դեպքում, երբ պարունակում է չափազանցություն և նույնիսկ պրովոկացիա (Case of Dichand and Others v. Austria N 29271/95, 26/02/2002, կետ 41):

4. Այնուամենայնիվ, այդ ազատությունը ենթակա է սահմանափակումների, մասնավորապես՝ հանրային հետաքրքրության իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելիս լրատվամիջոցները պարտավոր են գործել բարեխղճության սկզբունքով՝ ապահովելով հավաստի տեղեկատվությունը և պահպանելով լրատվամիջոցների վարքագծի էթիկայի կանոնները: (Case Case of Bladet Tromso and Stensaas v. Norway 21980/93, 20/05/1999, կետ 65):

5. Անդրադառնալով փաստերի ճշգրտությանը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ ստույգ փաստերը հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ, այսինքն՝ ենթակա են ապացուցման (ՀՀ Վճռաբեկ դատարան, որոշում ԵԿԴ/2293/02/10, 2012 թ. ապրիլի 27):

6. Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի համաձայն (ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությամբ)՝ լրագրողը պարտավոր է մինչև հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել և չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ:

7. Վերը նշված հրապարակումը որևէ ապացույց չի պարունակում այն մասին, որ մինչև հրապարակումը ներկայացված տեղեկատվության հավաստիությունը ստուգվել է: Ավելին՝ որպես տեղեկատվության հավաստիություն հաստատող հնարավոր միջոց՝ ես՝ որպես ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար, նշված լրատվական միջոցներից կամ լրագրողներից որևէ զանգ կամ տեղեկատվությունը հաստատելու/հերքելու այլ դիմում չեմ ստացել:

8. Բացի այդ՝ ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ զինծառայողների, ինչպես նաև զինապարտների և քաղաքացիական այլ անձանց թաղման ժամանակ հարգանքի մատուցման ենթակա որոշումների կայացման առնչությամբ ՀՀ Անվտանգության Խորհուրդը որևէ լիազորություն չունի, ուստի այդ հարցի համար ես՝ որպես ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար, չէի կարող նման դիմումի հասցեատեր հանդիսանալ:

Նման փաստական հիմքերի և իրավական կարգավորումների համատեքստում ակնհայտ է, որ նշված լրատվական միջոցները դուրս են եկել հանրային գերակա շահով պայմանավորված տեղեկատվության տարածելու, հանրային դիսկուրսը խթանելու իրենց առաքելությունից և ապատեղեկատվության՝ կեղծ, անճիշտ և ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածման միջոցով խեղաթյուրել են ՀՀ Անվտանգության Խորհրդի և իմ՝ որպես ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի գործառույթների և դրանց կատարման օրինականության վերաբերյալ հասարակական պատկերացումները:

Ուստի դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հերքել www.1in.am (Առաջին լրատվական) կայքում 2019 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:50-ին, հրապարակված և «Ժամանակ» թերթի՝ 2019 թվականի սեպտեմբերի 28-ին տպագրված՝ #171 (3879) համարում հրապարակված՝ վերը նշված տեղեկությունը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան