Հայտարարություններ

ԱԽ քարտուղարի Ամանորյա ուղերձը

31 / 12 / 2018

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ
Ընդամենը մի քանի ժամից պատմություն կդառնա 2018 թվականը:
Անցնող տարին նոր փուլ դարձավ Հայաստանում պետականաշինության ու ժողովրդավարացման ճանապարհին։ Մեկ տարվա ընթացքում առանց լուրջ սոցիալական և հասարակական ցնցումների Հայաստանում տեղի ունեցավ թավշյա` ոչ բռնի հեղափոխություն, անցկացվեցին աննախադեպ արդարացի ու թափանցիկ համապետական ընտրություններ, երկրում սկսվեց կուռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ իրական պայքար։ Այս ամենով մենք հերթական անգամ ապացուցեցինք աշխարհին, որ դեպի ժողովրդավարական և իրավական պետություն տանող ճանապարհն այլընտրանք չունի Հայաստանի Հանրապետության և դրա հպարտ քաղաքացիների համար:
Անցնող տարին հատկանշական էր ներքաղաքական զարգացումների տրամաբանության առողջացման առումով: Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում խորհրդարանական ընտրությունները ունեին քաղաքական բովանդակություն և նպաստում են հանրային ու քաղաքական կյանքի վերակենդանացմանը։ Առաջին անգամ Հայաստանում ընդդիմությունը եկավ իշխանության և պատասխանատվություն ստանձնեց երկրի ապագայի համար` նոր որակ հաղորդելով քաղաքական դաշտին:
Ի թիվս բազմաթիվ այլ բարեփոխումների 2019 թվականը կլինի նաև Հայաստանում անվտանգության ոլորտի որակական բարեփոխումների ու ինստիտուցիոնալ զարգացման տարի և անվտանգության խորհուրդը ու դրա գրասենյակը հսկայական աշխատանք ունեն անելու այս ուղությամբ։
Ուրախությամբ եմ նշում, որ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին 2018 թվականին մեզ հաջողվեց քաղաքական ընդհանուր կայունություն, անվտանգության բարձր մակարդակ և տնտեսական զարգացում գրանցել: Վստահ եմ, որ այս իրողությունը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության և մեզ համար արդիական հանդիսացող տարածաշրջանային այլ խնդիրների կարգավորումը թույլ կտան մոտ ապագայում լուծել մեզ ծանր ժառանգություն մնացած բազմաթիվ խնդիրներ, կառուցել հիրավի զարգացող և հզոր Հայաստան:
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող գալիք` 2019 թվականը բոլորիս համար նշանավորվի որպես զարգացման, խաղաղության, երջանկության և արգասաբեր աշխատանքի տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

×
×