Հարցազրույցներ

Կոռուպցիան հայտարարված է երկրի անվտանգության մարտահրավեր. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

20 / 06 / 2018

Հարց. ֊ Եթե անվտանգության խնդիրը դիտարկում ենք ոչ միայն արտաքին մարտահրավերների համատեքստում, այլև ներքին կոռուպցիա, կրթություն, ընտրություն՝ Ձեր ռեսուրսները բավարար համարո՞ւմ եք բոլոր խնդիրների կարգավորման համար։
Գրիգորյան. ֊ Քաղաքական կամքի առումով կարող եմ ասել, որ կա այդ կամքը, և վերջին օրերի գործողությունները հստակ ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանդեպ կա հստակ քաղաքականություն։ Կոռուպցիան հայտարարված է երկրի անվտանգության մարտահրավեր, և դրա դեմ անողոք պայքար է մղվում։ Այդ անողոք պայքարի շրջանակներում միշտ էլ հնարավոր է՝ ռեսուրսները շատ չբավարարեն, բայց այս պահին ռեսուրս կա։
Հարց. ֊ Ինչո՞ւ զենքի վաճառքի հետ կապված հստակ մտահոգություն չեք հայտնել Ռուսաստանին։ Չէ՞ որ մենք, ի տարբերություն Ադրբեջանին, նրա ՀԱՊԿ և ԵՏՄ գործընկերներն ենք և եթե նույնիսկ այս կառույցի անդամ հանդիսանալը մեզ լիարժեք անվտանգություն չի ապահովում, գուցե ժամանակն է, որ մենք քայլեր ձեռնարկենք կառույցից դուրս գալու ուղղությամբ։
Գրիգորյան. ֊ Բազմիցս հայտարարվել է, որ արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու։ Ամբողջ հեղափոխության մեխը եղել է ներքին քաղաքականությունը։ Այսինքն, այն ինչ մենք առաջ ենք քաշել, դա ամբողջովին եղել է ներքին քաղաքականություն և մի տեսակ՝ քաղաքացիները մեզ մանդատ են տվել հենց ներքին բարեփոխումներ կատարելու։ Կառույցներից, ես մտածում եմ, ոչ թե պետք է դուրս գալ, այլ այդ կառույցները օգտագործել՝ բարելավել, որ այդ կառույցների գործունեությունը ավելի լավ լինի։
Հարց. ֊ Դուք կարծում եք՝ նախկին իշխանությունը դա չի՞ արել, թե իրենց օրոք այդ գործիքներն ավելի սահմանափակ են եղել։ Միտումնավո՞ր չի արվել, թե արվել է այնքան, ինչքան հնարավոր է։
Գրիգորյան. ֊ Ցանկացած կառույցից օգտվելու համար, նամանավանդ միջազգային կառույցից օգտվելու համար, անհրաժեշտ է, որ դու երկրի ներսում ունենաս այնպիսի կառուցվածք, որ այդ հնարավորությունից օգտվես։ Ամենասովորական բանը՝ եթե շուկա է բացվում ու հնարավորություն է բացվում արտահանում կազմակերպելու, ի դեպ՝ 2010 թվականից հետո մեծ հնարավորություն է ստեղծվել ոչխարաբուծության համար Սյունիքի մարզում՝ արտահանում կազմակերպելու համար, շատ կարճ ժամանակում ոչխարաբուծությունը սկսել է զարգանալ Սյունիքի մարզում, բայց որոշակի ժամանակ հետո մոնոպոլիզացվել է այդ ոլորտը և կարելի է ասել՝ զրկվել է այդ արտահանման հնարավորությունից։ Այսինքն, եթե մենք ունենանք ազատ շուկա, եթե մեր կառույցները սկսեն արդյունավետ գործել, եթե մեր բիզնեսները մրցակցելով ներսում դառնան ավելի մրցունակ, հնարավոր է միջազգային այդ կոնյունկտուրայից ավելի մեծ հնարավորություններով օգտվենք։ Այսինքն, մենք պետք է դիտենք խնդիրը ոչ թե դրսում, խնդիրը հիմնականում ներսում է։

Հղումն այստեղ
×