Մամլո հաղորդագրություններ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը

21 / 11 / 2018

2018 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը։ Հանդիպման օրակարգում էին ահաբեկչության դեմ պայքարի, դրա ֆինանսավորման և կենսաբանական անվտանգությանը վերաբերող հարցեր։
Օրակարգի համաձայն, քարտուղարը հանդես եկավ ելույթով՝ ներկաներին ներկայացնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը։ Այնուհետ, քարտուղարը կարևորեց գոյություն ունեցող, ինչպես նաև նոր ձևավորվող ձևաչափերի և նախաձեռնությունների շրջանակներում միջազգային ահաբեկչության, դրա ֆինանսավորման, ծայրահեղականության, փողերի լվացման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համատեղ ջանքերի իրականացումը ու ներկայացրեց դրանց ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները։
Իր ելույթում Ա․ Գրիգորյանը մատնանշեց Հայաստանում գործող ռեֆերենս լաբորատորիաների կարևորությունը՝ ինչպես երկրի ներսում այնպես էլ դրանից դուրս հատուկ վտանգավոր համաճարակների վաղաժամ կանխարգելման ու դրանց հաղթահարման հետ կապված միջոցառումների կազմակերպման համատեքստում։ Միաժամանակ, Քարտուղարը տեղեկացրեց, որ վերոնշյալ լաբորատորիաներն, ունենալով երկրորդ կարգի անվտանգության մակարդակ, ամբողջովին գտնվում են ՀՀ համապատասխան պետական մարմինների վերահսկողության ներքո։
Ելույթի ավարտին Ա․ Գրիգորյանը մատնանշեց, որ Հայաստանը մշտապես ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել պատրաստակամություն՝ համագործակցելու շահագրգիռ կողմերի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում և գործում է միջազգային իրավունքի շրջանակներում, առավելապես թափանցիկ և կանխատեսելի։

×
×