Մամլո հաղորդագրություններ

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին

24 / 05 / 2018

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին
2018 թվականի Մայիսի 24-ին Աստանայում տեղի է ունեցել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են հավաքական անվտանգության տարածաշրջանների իրավիճակի վրա բացասաբար ազդող տարաբնույթ սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանց հակազդման ուղիները։
Իր խոսքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները՝ գոհունակություն հայտնելով նշված զարգացումների նկատմամբ ՀԱՊԿ գործընկերների հավասարակշռված կեցվածքի համար։ Ա. Գրիգորյանը վերահաստատել է ՀԱՊԿ շրջանակներում առկա փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու Հայաստանի հաստատակամությունը։
ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարներին ընդունել է Ղազախստանի ՀանրապետությանՆախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Նիստի շրջանակներում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային առանձին հանդիպում է ունեցելՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Ա.Գրիգորյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում երկու պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, պատրաստակամություն են հայտնելհամատեղ ջանքեր ներդնել ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

×
×