Մամլո հաղորդագրություններ

ԱԽ քարտուղարը մասնակցեց «Տիեզերական անվտանգության զարգացում» ամենամյա 10-րդ համագումարին

16 / 05 / 2019

2019 թվականի մայիսի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցեց Լոս Անջելեսում «Աէրոսփեյս» ընկերության (Aerospace corporation) վարչական համալիրում տեղի ունեցող «Տիեզերական անվտանգության զարգացում» ամենամյա 10-րդ համագումարին, որն ընթանում է «Ամրապնդենք անվտանգությունը» կարգախոսի ներքո։ Համագումարի ընթացքում քարտուղար Գրիգորյանը հանդես եկավ «Ժամանակի ոգին․ Հայաստանի տիեզերական ծրագրի մշակումը» վերնագիրը կրող ելույթով։

Ելույթի ամբողջական հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև։

Ժամանակի ոգին․ Հայաստանի տիեզերական ծրագիրը մշակումը

Ուրախ եմ ներկա գտնվել այս հրաշալի համագումարին և շատ հաճելի է ձեզ բոլորին տեսնել այսօր այստեղ:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Տիեզերական անվտանգության ամրապնդման միջազգային ասոցիացիային՝ քաղաքականություն մշակողներին, արդյունաբերողներին և գիտական հանրության ներկայացուցիչներին մեկ վայրում համախմբելու և անվտանգության հետ կապված մի շարք թեմաներով մտքեր փոխանակելու հարթակ տրամադրելու համար։ Համոզված եմ, որ այս հարթակը կծառայի մեր և մեր երկրների ձգտումներն ու հետաքրքրությունները բավարարելուն:

Կցանկանայի հատկապես շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Մայքլ Քեզիրյանին՝ ինձ այստեղ հրավիրելու և այս հրաշալի իրադարձության մի մասը կազմելու հնարավորության համար:

Երախտագիտության խոսքեր եմ հղում Տիեզերական անվտանգության միջազգային հիմնադրամին: Ես ողջունում եմ նրանց ջանքերը նպաստելու կրթական ծրագրերի կայացմանը՝ այդպիսով աջակցություն ցուցաբերելով տիեզերքի մասնագետների հաջորդ սերնդին: Ես ձեզ հրավիրում եմ Հայաստան: Մենք մեծ սիրով կսպասենք կրթական ծրագրերի, որոնք անկասկած տարածաշրջանում մեծ հետաքրքրություն կվայելեն:

Շնորհակալ ենք մեզ հյուրընկալող՝ «Aerospace» ընկերությանը, այս հրաշալի հնարավորության և միջազգային հանրությանը տիեզերքում մաքուր միջավայրի պահպանության հարցում առաջնորդելու համար: Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Հարավային Կալիֆորնիայի համալսարանին տիեզերքի ուսումնասիրության մեջ հետաքրքրվածության, ինչպես նաև Հայաստանում ուսումնառությանն աջակցելու համար:

Հարգելի հյուրեր՝

քաղաքակրթության կայացման հենց սկզբից մարդկությունը ձգտում է բացահայտել տիեզերքի գաղտնիքները: Այժմ մենք ապրում ենք մարդկության պատմության լավագույն ժամանակներից մեկում, երբ ավելի շատ հնարավորություններ կան տիեզերական հետազոտությունների ոլորտում, քան երբևէ: Քանի որ տիեզերական տեխնոլոգիաները մեր կյանքում և գործունեության մեջ ավելի ու ավելի կենտրոնական տեղ են գրավում, աճում է նաև այս ոլորտում պաշտպանության ու անվտանգության դերը:

Հայաստանը ներկայումս իրականացնում է իր տիեզերական արդյունաբերության հիմնական վերակառուցումը՝ հիմնվելով փորձի և գիտական գերազանցության մեր ավանդույթների վրա:

Կարևոր է նաև այն, որ, ի վերջո, ազգային ձգտումները կարող են հաջողել միայն այն ժամանակ, երբ կա համագործակցություն։

Պատվարժան նախագահողներ,
Հարգելի ներկաներ,
Տիեզերքը իսկապես համայնք է կամ ինչպես հաճախ ասում են՝ ընտանիք:

Իսկ այժմ թույլ տվեք խոսքս ամփոփել հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետությունը նպատակադրված է նպաստելու ոլորտում աճի գրանցմանը, տիեզերքն ավելի օգտակար և հասկանալի դարձնելուն և ի վերջո այս ընտանիքում հավելյալ արժեք ստեղծելուն:
Շնորհակալություն:

Պատվարժան նախագահողներ,
Հարգելի ներկաներ,
Տիկնայք և պարոնայք,

Սոցիալ-տնտեսական առաջընթացը հիմնականում պայմանավորված է նորարարական գաղափարները գիտական ներուժի և տեխնոլոգիական առաջընթացի փոխակերպելով: Տիեզերական տեխնոլոգիաների կարևորության բարձրացումը գրեթե բոլոր առումներով մղեց Հայաստանի կառավարությանը պետության համար առաջնային ուղղություններից մեկը համարել տիեզերական արդյունաբերության զարգացումը:

Հայասատում տիեզերական արդյունաբերության վերակառուցում է ընթանում, որի սկիզբը դրվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքի ընդունմամբ։ Վերջինս իրավական կարգավորումներ է նախատեսում տիեզերքի խաղաղ օգտագործման համար և ընդգրկում է այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են տիեզերքի հետազոտությունները, տվյալների փոխանակումը, շրջակա միջավայրի պահպանումը, նորագույն տեխնոլոգիաները: Առաջնային է նաև միջազգային համագործակցության խթանումը:

Հարգելի մասնակիցներ,
Հայաստանը, դեռևս Խորհրդային Միության կազմում, համարվել է միկրոինժեներիայի և առաջադեմ տեխնոլոգիաների երկիր՝ ակտիվ ներդրում ունենալով ռազմական և տիեզերական ոլորտներում: Եվ այժմ զարմանալի չէ, որ գիտական հիմքեր ունեցող մեր ներդրումները իրենց պտուղներն են տալիս:

Հետազոտական ինստիտուտները, որոնք կարևոր դեր ունեն նորարարական նախաձեռնություններն աջակցելու հարցում, միջազգային համագործակցության հետ համատեղ, ապահովում են այն գիտատեխնիկական կարողություններով, որոնք անհրաժեշտ են զարգացման ամուր հիմքեր ստեղծելու և Հայաստանին հնարավորություն ընձեռելու միանալ և մրցակցել գիտելիքի համաշխարհային հասարակությունում:

Պարզապես անվանեմ մի քանիսը. 1946 թվականին հիմնադրված Բյուրականի աստղադիտարանն իր գիտական գործիքներով և ձեռքբերումներով ամենակարևոր աստղագիտական կենտրոններից մեկն է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի տարածաշրջանում: Հռչակավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ հիմնադրված աստղադիտարանն ունի հինգ հիմնական աստղադիտակներ, որոնցից են Կասեգրեյնի ռեֆլեկտորը (2.6մ) և Շմիդտի աստղադիտակը (1մ):

Աստղադիտարանում գիտական հետազոտությունները հիմնականում կապված են տիեզերքում անկայունության երևույթների հետ: Գիտական հետազոտությունների հետ մեկտեղ իրականացվում են նաև Երկրի ցածր ուղեծրի մշտադիտարկման կիրառական աշխատանքներ:

Տիեզերական աղբի մշտադիտարկումը զարգացնելու նպատակով պարբերաբար տեղադրվում են դիտարկման նոր մոդուլներ, որոնք բացահայտում և հետևում են տիեզերական աղբը՝ այս կերպ մեղմացնելով ինչպես արբանյակներին, այնպես էլ մեր մոլորակին սպառնացող վտանգները:

Վերջերս տեղադրվել է նաև տարածաշրջանում բացառիկ Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի (ԳԼՈՆԱՍՍ) կայան, որը հնարավորություն կտա մշակել և տրամադրել բարձր ճշգրտությամբ տվյալներ:

Տիեզերքի խաղաղ օգտագործման զարգացման ուղղված հաջորդ քայլը հեռահաղորդակցության ազգային արբանյակ ստեղծելը և այն դեպի գեոստացիոնար ուղեծիր թողարկելն է:

Հարգելի մասնակիցներ,
Համագործակցությունը հաջողության բանալին է, և Հայաստանի Հանրապետությունը հատուկ կարևորություն է տալիս դրան: Ճիշտ է ասված, որ տաղանդը խաղեր է հաղթում, իսկ համագործակցությունն ու թիմային աշխատանքը՝ առաջնություններ: Հաշվի առնելով այս փիլիսոփայությունը՝ մենք ցանկանում ենք միանալ միջազգային հանրությանը տիեզերական հետազոտության գործում, որպեսզի միասին հաղթենք տիեզերական մակարդակի առաջնություններում:

Այս կապակցությամբ կցանկանայի նշել համագործակցության մի քանի ոլորտ, որտեղ Հայաստանը հաջողություններ է գրանցում, օգտագործելով իր տաղանդը և համագործակցելով միջազգային հանրության հետ:

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքված համաձայնագրով՝ կողմերը համագործակցում են գեոդեզիական մեթոդների մշակման, լոկալ և գլոբալ գեոդեզիական դիտարկման ցանցերի տվյալների փոխանակման ոլորտներում: Այս համագործակցությունը նպատակ ունի ամրապնդել համաշխարհային գեոդետիկ ենթակառուցվածքը՝ բարելավելով գիտությունն ու հետազոտությունը և խթանելով գեոդեզիական խնդիրների վերաբերյալ քննարկումները: Այս համագործակցության շրջանակներում ներկայումս Հայաստանում երկու GPS կայաններ են տեղադրված:

2014 թվականին Հայաստանում բացվեց ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի գրասենյակը՝ ICRANet – Երևանը: Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները ռելյատիվիստական աստղաֆիզիկայի, ռենտգենյան ճառագայթների աստղաֆիզիկայի, բարձր և շատ բարձր էներգիայի գամմա ճառագայթների աստղաֆիզիկայի և բարձր էներգիայի նեյտրինո աստղաֆիզիկայի ոլորտներում են:

Կենտրոնը ակտիվորեն ներգրավված է Բաց տիեզերքի նախաձեռնության մշակմանը, որին ակտիվորեն նպաստում է Հայաստանը: Հայաստանում ICRANet կենտրոնը համակարգում է ICRANet-ի գործունեությունը Կենտրոնական Ասիայի և Միջին արևելքի երկրների տարածքում:

Ձգտելով առաջ մղել տիեզերական հետազոտության զարգացումը՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում ջանքեր ներդնել բարձրագույն կրթության ոլորտում և Հայաստանում ու տարածաշրջանում աստղագիտության զարգացման մեջ:
2015 թվականից Միջազգային աստղագիտական միության հովանու ներքո Հայաստանում գործում է Հարավ-Արևելյան և Կենտրոնական Ասիայի տիրույթի գործառույթները կատարող տարածաշրջանային գրասենյակը: Վերջինս մեկ վայրում է համախմբում Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Թուրքիայի աստղագետներին: Այս փաստը ապացույց է հանդիսանում այն բանի, որ Հայաստանը ունի տպավորիչ փորձ և ներուժ, որով կարող է կիսվել մեր գործընկերների հետ:

Հարգելի մասնակիցներ,
Այս նոր հազարամյակում մենք ակնկալում ենք նոր աշխարհ:
Ի մի բերելով ողջ ասվածը, ինչպես նաև հստակորեն գիտակցելով երկրի պատասխանատվությունը մարդկության առաջ, ես վստահ եմ, որ յուրաքանչյուր պետություն ունի մարդկության առաջընթացի համար պատասխանատվություն ստանձնելու մի մեծ առաքելություն: Գիտական ներուժի, հետազոտությունների և տիեզերական ծրագրերի իրականացման ռացիոնալ համադրման միջոցով Հայաստանը նպատակ ունի նպաստել համընդհանուր զարգացմանը և համաշխարհային անվտանգության ու բարեկեցության ապահովմանը:

Այս առումով պատիվ ունեմ հայտարարելու, որ մեր երկիրը թևակոխել է տնտեսական հեղափոխության փուլ: Նոր ներդրումային հնարավորությունները ենթադրում են նաև փոփոխություններ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, որը ենթադրում է տիեզերական գործունեություն ոլորտում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և ապրանքների մատակարարման ավելացված արժեքի հարկի հաշվարկ՝ զրոյական տոկոսադրույքով: Մեր երկիրը բացում է նոր հորիզոններ և նոր հեռանկարներ ձեզ համար:

Այս նոր հնարավորությունները մենք ստեղծում ենք Հայաստանի զարգացման, միջազգային հանրության հետ միասին տիեզերքի խորը ուսումնասիրություններ կատարելու և տիեզերքում մարդկության ապագան ավելի անվտանգ դարձնելու համար:

Շնորհակալություն:

×
×