Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստանում կստեղծվի թմրամոլության և թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային կենտրոն

24 / 12 / 2013

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նախ տեղեկացրեց, որ հաջորդ տարի ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում ստեղծվելու է թմրամոլության և թմրամիջոցների պայքարի կենտրոն: «Հայաստանի Հանրապետությունը կլինի առաջին երկիրը, որտեղ նման կենտրոն կստեղծվի և այդ կենտրոնը նաև կհամալրվի ժամանակակից սարքավորումներով, լաբորատորիաներով: Կենտրոնը կտեղակայվի ոստիկանության համակարգում»,- նշեց ԱԱԽ Քարտուղարը:
Արթուր Բաղդասարյանի խոսքով` արդեն իսկ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք են բերված, կան ստորագրված փաստաթղթեր: «Ես կարծում եմ, որ սա մեր պետական մարմինների աշխատանքի համար շատ կարևոր ենթակառուցվածք կլինի, քանզի հիմա քիմիական թմրամիջոցները շատացել են, իսկ Հայաստանը չունի որևիցե լաբորատոր ժամանակակից սարքավորումներ դրանց դեմ պայքարելու համար: Կարծում եմ, որ այս ժամանակակից կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա թմրամոլության դեմ պայքարն ավելի էֆեկտիվ առաջ տանել»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:
Հանձնաժողովը նիստում քննարկեց և հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագծին», որը հաստատելու համար կներկայացվի Անվտանգության խորհրդի նիստին:
Այնուհետև Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի դիտարկման հանձնաժողովի անդամները զեկուցել են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարություններում և ՀՀ ԿԱ ոստիկանությունում «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետության դիտարկման մասին:
Դիտարկումների արդյունքները ներկայացվում են ՀՀ Նախագահին, որոնց հիման վրա Նախագահը ստորագրում է համապատասխան իրավական ակտեր: Դիտարկումների արդյունքում ի հայտ եկած աշխատանքային խնդիրները դառնում են հանձնաժողովի քննարկման և լուծման առարկա:
Նիստում նաև քննարկվել են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող մի շարք այլ հարցեր: