Մամլո հաղորդագրություններ

release

Անհրաժեշտ է ստեղծել ռազմարդյունաբերության հարցերով պետական կոմիտե

07 / 11 / 2013

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նիստի բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում ռազմական արդյունաբերության ոլորտի խնդիրներին և զարգացման հեռանկարներին: Ըստ նրա, միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է առանձնացված մասնագիտացված պետական կառույց, որը համալիր կերպով կզբաղվի ռազմական արդյունաբերության հարցերի ամբողջ շրջանակով:

«Բոլորիս համար ակնհայտ է, թե ռազմական արդյունաբերության խնդիրները ինչ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար և վերջին շրջանում մենք արձանագրում ենք դրական զարգացումներ, մասնավորապես, կարճ ժամանակ առաջ բացվեց «Կամազ-Արմենիա» ընկերությունը, մյուս համատեղ ձեռնարկությունների ձևավորման գործընթացը նույնպես շարունակվում է : Ուզում եմ նշել նաև, որ մեր նախորդ նիստից հետո արդեն իսկ մշակվել է 24 նոր ձեռնարկությունների ցանկ Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնք կարող են զբաղվել ռազմական արտադրանքի խնդիրներով: Եվ ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր է, հատկապես եթե մենք հաշվի ենք առնում մեր անվտանգության առջև ծառացած սպառնալիքները և հաշվի ենք առնում այն, որ Ադրբեջանը այսօր մոլեգին տեմպով հզորացնում է իր ռազմական ենթակառուցվածքները, ռազմական արդյունաբերությունը, և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության գերակայությունից է իսկապես ռազմական արդյունաբերությանը շատ լուրջ վերաբերվել: Եվ ըստ ամենայնի աջակցել, որպեսզի այն մեր երկրում զարգանա և ամրապնդվի: Մեր հանձնաժողովի առաքելություններից մեկն էլ դա է», - ասաց Ա.Բաղդասարյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որպես հանձնաժողովի նախագահ, հանդես եկավ ՀՀ կառավարության համակարգում ռազմական արդյունաբերության հարցերով պետական մարմնի` ՀՀ կառավարությանն առընթեր Ռազմարդյունաբերության հարցերով պետական կոմիտեի ստեղծման նախաձեռնությամբ, որն արժանացավ հանձնաժողովի անդամների հավանությանը: Այդ առաջարկությունը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Հանձնաժողովն ամփոփվեց անցած նիստի հանձնարարակաների կատարման ընթացքը, հանձնաժողովի քարտուղարը և անդամները ներկայացրեցին իրականացված աշխատանքները: Քննարկվեցին նաև հանձնաժողովին կից մշտապես գործող ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդի ստեղծմանը վերաբերող առաջարկությունները, որոնք առաջիկայում պետք է քննարկվեն շահագրգիռ գերատեսչություններում:
Նիստում անդրադարձ կատարվեց հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցերին: