Մամլո հաղորդագրություններ

Տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը

30 / 07 / 2019

Այսօր Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը:

Նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նիստի մեկնարկին ԱԽ քարտուղարը հանդես եկավ խոսքով, որում մասնավորապես նշեց՝

«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվա նիստը նվիրված է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկին, ինչի կապակցությամբ թույլ տվեք ողջունել և շնորհավորել բոլորիս:

Այս միջոցառումն ունի կարևոր խորհուրդ. մենք քաջ գիտակցում ենք, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն այն առանցքային փաստաթուղթն է, որը յուրաքանչյուր պետության կայուն և անվտանգ զարգացման համար ունի հիմնարար նշանակություն: Մեր ազգային շահերն ու նպատակներն արտացոլող ռազմավարական փաստաթղթում կամփոփվեն ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման նոր հնարավորությունների զարգացման և ընդլայնման նախաձեռնողական գործուն ուղիները ու մոտեցումները, ինչը հնարավորություն կտա վերաիմաստավորելու մեր անելիքները միջազգային հարթակում, տարածաշրջանում և մեր երկրի ներսում:

Բազմաշերտ այս գործընթացում մեկ բան ակնհայտ է՝ մենք պատրաստվում ենք առաջնորդվել ըստ մեր ազգային շահերի, նպատակների և առաջնահերթությունների: Հենց այդ պատասխանատվությամբ էլ պայմանա¬վորված է միջգերատեսչական այս հանձնախմբի կազմի ներկայացուցչական մակարդակը: Վստահ եմ, որ մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով ստանձնելու գործընթացի առաջնոր¬դությունը՝ ապահովելով ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլ նաև հանրային շրջանակների ակտիվ ներգրավվածություն փաստաթղթի նախագծի մշակման ողջ գործընթացում»:

Ելույթին հետևեց ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի փակ քննարկումը:

×
×