Մամլո հաղորդագրություններ

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

07 / 03 / 2017

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև 2017-2018թթ. համագործակցության պլանի համաձայն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի հրավերով 2017թ. մարտի 6-7-ը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան:
Այցի շրջանակներում մարտի 7-ին կայացել են Յուրի Խաչատուրովի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, հիմնական ուշադրությունը հատկացվել է հայ-ադրբեջանական սահմանում և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում տիրող իրավիճակին: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության շրջանակներում իրականացվող ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ներկայիս ընթացքից: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների բանակցությունների արդյունքներով ստորագրվել է արձանագրություն:
Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նույն օրը Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել նաև երկու երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների խորհրդատվությունները:

×
×