Մամլո հաղորդագրություններ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտին

25 / 07 / 2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտին, նախկին և նորանշանակ ռազմական կցորդներ Դանի Պիթին և Օլիվիե Մադիոյին: Արմեն Գրիգորյանը հանդիպման սկզբում շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում իրականացվող հետևողական ջանքերը: Միաժամանակ մատնանշեց, որ վերջերս ադրբեջանական մամուլում շրջանառված, Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները հանելու վերաբերյալ ապատեղեկատվությանը անմիջապես հետևած դեսպանի արձագանքը չափազանց կարևոր էր, ինչը մեկ անգամ ևս վերահաստատեց Ֆրանսիայի դիրքորոշումը՝ զերծ մնալ զենքի եւ զինամթերքի մատակարարումներից, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:
Երկուստեք մատնանշեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմաքաղաքական, պաշտպանական ոլորտներում համագործակցության խորացման ցանկությունը, ինչպես նաև՝ Աֆրիկյան մայրցամաքում իրականացվող առաքելություններում, Ֆրանսիական ստորաբաժանումների կազմում ՀՀ խաղաղապահների մասնակցության հնարավորությունը:
Դեսպանը իր խոսքում նշեց, որ Ֆրանսիայում մեծ ուշադրությամբ էին հետևում Հայաստանում տեղի ունեցող վերջին ներքաղաքական իրադարձություններին, և այս համատեքստում Ֆրանսիան մեծապես կարևորում է մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ հենվելով նոր կառավարության առաջնահերթությունների վրա:
Դեսպան Լաքոտը շեշտեց, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կարևոր իրադարձություն է, քանի որ խորհրդանշում է Հայաստանի միջոցով կազմակերպության սկզբունքների, այն է՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի տարածումը ողջ տարածաշրջանում: Հանդիպման վերջում դեսպանի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրեց Անվտանգության խորհրդի՝ որպես սահմանադրական մարմնի դերակատարությունն ու նշանակությունը:
Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում:

×
×