Հայտարարություններ

announcement

Համաշխարհային առողջապահության անվտանգությանը սպառնացող վտանգների նվազեցմանն ուղղված համագործակցային գործընկերությանը մասնակցության մասին

29 / 08 / 2022

Կորոնավիրուսային համաճարակն (COVID-19) ընդգծել է վարակիչ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և արձագանքման համար ազգային հզոր կարողությունների կարևորությունը: Այս կարողությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում միջազգային համագործակցությունը և աջակցությունը: Մեր կառավարությունները բաց և թափանցիկ համագործակցել են Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի շրջանակներում, որն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ծրագրի մաս է կազմում: Այս գործընկերությունները բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում և ոչ մի աղերս չունեն կենսաբանական զենքի հետ: Այս համագործակցությունները մեր երկրներում պաշտպանում են մարդկանց և կենդանիների առողջությունը` ներառյալ վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելմամբ, հայտնաբերմամբ և վերահսկմամբ, ինչպես նաև բարելավում են տեղական լաբորատորիաների կենսաապահովությունը և կենսաանվտանգությունը: Որպես այս ծրագրի գործընկերներ, մեզնից յուրաքանչյուրն անմիջականորեն գիտակցում է համաշխարհային առողջապահական անվտանգության ամրապնդումը և մեր հասարակությունների վրա վարակիչ հիվանդությունների ազդեցությունը նվազեցնելուն միտված համագործակցության ընդհանուր նպատակի կարևորությունը: Մեր կառավարությունները վճռականորեն հաստատում են այն ընդհանուր մոտեցումը, որ նման համագործակցությունը ոչ թե պետք է խոչընդոտվի, այլ խթանվի և ամրապնդվի: 10-րդ հոդվածի համաձայն, մենք խրախուսում ենք «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին ի պաշտպանություն այս նպատակի աշխատել միասին` այդ թվում գալիք Վերանայման կոնֆերանսում (Review Conference):