Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Ազատություն TV»-ին

07 / 05 / 2021

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն TV»-ի եթերում խոսել է հետհեղափոխական շրջանում Հայաստանի ձեռքբերումների, նախընտրական գործընթացների, գործող իշխանության առաջնահերթությունների և անվտանգության նոր միջավայրում Հայաստանի անելիքների մասին:

Ներկայացնելով վերջին երեք տարում իշխանության ձեռքբերումները և հաջողությունները՝ Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ այս հարցում շահարկումները շատ են, մինչդեռ, եթե առարկայական խոսենք, ակնհայտ է, որ նույնիսկ համավարակի ու պատերազմի հարուցած պայմաններում Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում էապես աճել է` 2018 թվականին կազմելով 5.2%, իսկ 2019-ին՝ 7.6%, ավելի քան 85 000 նոր աշխատատեղ է ավելացել, կառուցվել է ավելի քան 1000 կիլոմետր ճանապարհ: Ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ 2008-2017 թվականներին Հայաստանի բյուջեն 822 միլիարդ դրամից հասել է 1․3 տրիլիոնի՝ Արմեն Գրիգորյանը հավելեց, որ 2018-2020 թթ. բյուջեն 1.3 տրիլիոնից հասել է 1.8 տրիլիոնի, այսինքն՝ մոտ 500 միլիարդով աճել է։ Եվ այսպես՝ այն, ինչ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կատարվել է 9-10 տարում, գործող իշխանությունն այդ արդյունքին հասել է 1-2 տարում:

Ընդգծելով անվտանգության հարցերին իշխող թիմի առանձնահատուկ ուշադրությունը և կարևորելով բանակին տրվող հատկացումները՝ քարտուղար Գրիգորյանը շեշտեց, որ 2018 թվականից բանակի բյուջեն շեշտակիորեն ավելացել է։ Եթե 2008-2017 թթ. բանակի հատկացումները աճել են ընդամենը 82 միլիարդով, ապա իրենց քաղաքական թիմը, 2018 թ. մայիսին գալով իշխանության, ընդամենը 7 ամսում զինված ուժերի բյուջեն ավելացրել է 102 միլիարդով։ Այսինքն՝ այն, ինչ նախկին իշխանություններն արել էին 9-10 տարում, գործող իշխանությունն իրականացրել է ընդամենը 7 ամսում:

Անդրադառնալով քաղաքականության առաջնահերթություններին՝ Արմեն Գրիգորյանը խիստ կարևորեց անվտանգության հարցերը և կուռուպցիայի դեմ պայքարը, որոնք գործող իշխանության համար շարունակելու են մնալ գերակայություններ:

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ