Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը ՌԲԿ մեդիահոլդինգին

20 / 05 / 2021

– Ինչպիսի՞ն է այժմ իրադրությունը Սյունիքում: Կարո՞ղ եք նշել կոորդինատներ, կամ քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ են գտնվում ադրբեջանցի զինծառայողները:

– Այս պահին Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ լարված, ադրբեջանական զինված ուժերը դեռևս չեն լքել ՀՀ ինքնիշխան տարածքը ամբողջությամբ, սակայն ՀՀ Զինված ուժերը վերահսկում են իրադրությունը, որի մասին մանրամասն և պարբերաբար ՀՀ պաշտպանության նախարարությունը տրամադրում է տեղեկատվություն: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա հայկական կողմը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ՀԱՊԿ անդամ երկրներին` մասնավորեցնելով ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելու վայրերը և ՀՀ սահմանները խախտելու ուղղությունները:

– Արդյո՞ք նրանք շրջափակման մեջ են: Ինչպե՞ս նրանք ընդհանրապես այդտեղ հայտնվեցին: Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Հայաստանը նրանց դեմ ուժ կիրառի: Քննարկվե՞լ է արդյոք ԱԽ-ում ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու տարբերակը:

– Ձեր հնչեցրած հարցերը ամբողջությամբ գտնվում են ՀՀ բոլոր ուժային գերատեսչությունների ուշադրության կիզակետում, քննարկվում են հնարավոր ամենատարբեր սցենարներ: Վստահեցնում եմ` ՀՀ-ն ցանկացած պարագայում կգտնի համարժեք, միևնույն ժամանակ հավասարակշռված պատասխաններ և լուծումներ:

– Կա՞ արդյոք Բաքվի հետ ուղիղ կապի մեխանիզմ, թե բոլոր կոմունիկացիաներն այդ թեմայով տեղի են ունենում ռուսական կողմի միջոցով:

– Ձեր ասած թեմայի շուրջ բոլոր շփումներն իրականացվում են եռակողմ ձևաչափով: Ավելին մենք Սյունիքի և Գեղարքունիք մարզերի որոշ սահմանային հատվածների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները գնահատում ենք որպես 2020թ. Նոյեմբերի 9 և 2021թ. Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տորպեդահարման փորձ: Հակառակ ադրբեջանական կողմի` իրավիճակին մեր արձագանքներում և գործողություններում մենք պահպանում ենք այդ հայտարարությունների տառն ու ոգին:

– Ինչպե՞ս է Մոսկվան բացատրում Երևանին, թե ինչու Բաքվի հետ չի ստացվում համաձայնության գալ զինծառայողների հետքաշման շուրջ:

– Մենք կարծում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքից ամբողջական դուրս բերման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման բոլոր մեխանիզմները չեն սպառվել: Գործընթացը շարունակվում է, մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերն այս ուղղությամբ: Պարզապես խնդիրը բարդ է, և այն պահանջում է թե համբերություն, թե խոհեմություն, թե ողջախոհություն:

– Ճի՞շտ ենք արդյոք մենք հասկանում, որ Հայաստանը ներգրավվելու մերժում է ստացել ՀԱՊԿ-ից:

– Ո՛չ: Այստեղ անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ գործընթացները շարունակվում են, մասնավորապես ՀԱՊԿ կանոնակարգի գործիքակազմով նախատեսված գործառույթների իրականացումը շարունակվում է:

– Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծում, ի՞նչ կա փաստաթղթում: Առկա՞ են արդյոք դրա մեջ կամ հավելվածներում Հայաստանի կողմից ինչ-որ վիճելի շրջանների փոխանցման համար նախապայմաններ:

– Ընդհանրապես, սահմանազատումը և սահմանագծումը ենթադրում են խաղաղ, հավասարակշիռ և կայուն մթնոլորտ: Ինքներդ էլ հասկանում եք, որ ադրբեջանական զինված ստորաբաժանումների ՀՀ տարածքում անօրինական գտնվելը չի նպաստում դրան: Բացի այդ սահմանազատման և սահմանագծման հարցերը միջազգային հարաբերությունների բարդագույն խնդիրներից են և ունեն բազմաթիվ բաղադրիչներ` մասնավորապես երկրների իրավահաջորդության հարցը, տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական հարցեր և այլն:

Ձեր նշած փաստաթղթում խոսքը գնում է միմիայն սահմանազատման և սահմանագծման հարցերով երեք առանձին ազգային պատվիրակությունների ստեղծման, դրանց կազմի, առաջիկա նիստի մասին: Ուզում եմ ընդգծել, որ փաստաթուղթը հատուկ շեշտում է, որ դրանում նախատեսված բոլոր խնդիրների պատշաճ լուծումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով` համահունչ եռակողմ հայտարարություններին:

Բնականաբար, ՀՀ կողմից որևէ տարածքի փոխանցման մասին որևէ խոսք չկա:

Հարցազրույցը այստեղ