ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Նվեր Մնացականյանին
21 / 10 / 2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը RusArmInfo-ի եթերում հարցազրույց է տվել Նվեր Մնացականյանին:
Հարցազրույցի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանագծման և սահմանազատման հարցերին, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական և հայ-իրանական հարաբերություններին, ինչպես նաև ներքաղաքական որոշ հարցերի և բանակի բարեփոխումների լայնածավալ գործընթացին:
Պատասխանելով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հարցին Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա գոյություն ունեցող ճանապարհների, ինչպես նաև երկաթուղիների և այլ ենթակառուցվածքների բացմամբ: Համոզվածություն է հայտնել, որ ապաշրջափակումը լայն հնարավորություն է բացելու տարածաշրջանի երկրների համար՝ տնտեսական զարգացման առումով, որն էլ իր հերթին բերելու է տարածաշրջանային կայունություն և անվտանգություն: Մատնանշելով նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններն՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ միջանցքի հարց հայտարարություններում չկա և հայկական կողմն առաջնորդվում է միայն այդ փաստաթղթերով:
Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, Գրիգորյանը նշել է, որ այն պետք է սկսվի հետևյալ տրամաբանությամբ. նախևառաջ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն, որից հետո պետք է տեղակայվեն սահմանապահ զորքեր:
Խոսելով բանակի բարեփոխումների լայնածավալ գործընթացի մասին ԱԽ քարտուղարը նշել է, որ սկսվել ու առաջ է շարժվում բանակի վերազինման և բարեփոխման գործընթացն, ինչպես նաև լայնածավալ աշխատանք է տարվում ընդհանուր անվտանգային համակարգը զարգացնելու և մեր կարողություններն ավելացնելու ուղղությամբ:
Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ