ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Factor TV»-ին
05 / 11 / 2021
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Factor TV»-ի եթերում խոսել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի անվտանգային համակարգի բարելավմանը, «խաղաղության դարաշրջան»-ի բացմանը և ներքաղաքական մի շարք հարցերի:
Պատասխանելով ապաշրջափակման վերաբերյալ հարցին ԱԽ քարտուղարը նշել է, որ բոլոր ճանապարհները, որոնք ապաշրջափակվելու են՝ գտնվելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական լուծմանը հնարավոր է հասնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնահարցը կապված չէ սահմանազատման ու սահմանագծման հարցի հետ:
Հայաստանի անվտանգային համակարգի բարելավման մասին խոսելիս ընդգծել է, որ այսօր կառավարությունը ինտենսիվ աշխատում է ոչ միայն վերականգնելու այն վնասը, որը մեր պետությունը կրել է պատերազմի արդյունքում, այլ նաև քայլեր են իրականացվում կատարելագործելու հանրապետության անվտանգային պաշտպանական համակարգը: Այս ամենին են ուղղված բանակի ներկայիս լայնածավալ բարեփոխումները, որտեղ անկյունաքարային է համարվում բանակի ավտոմատացված կառավարման համակարգի ստեղծումը և գործարկումը:
Խոսելով «խաղաղության դարաշրջան»-ի մասին Արմեն Գրիգորյանը նշել է, որ խաղաղությունը և անվտանգությունը փոխկապակցված ու փոխլրացնող գաղափարներ են: Համոզվածություն է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը իր հետ կբերի նաև անվտանգություն:
Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ