ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթ առցանց հեռուստաընկերությանը
01 / 06 / 2022
Մայիսի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթ առցանց հեռուստաընկերությանը:
Պատասխանելով Հայաստանի առաջին արբանյակի տիեզերք արձակելու վերաբերյալ հարցին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ արբանյակի ձեռքբերմամբ Հայաստանը ձեռք է բերել նաև կարողություններ և ենթակառուցվածքներ, ինչը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի այն իմաստով, որ կվերականգնվի Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական արտադրությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ինչպես գիտության զարգացմանը, այնպես էլ բիզնես շրջանակների կողմից հետաքրքրության աճին: Ա. Գրիգորյանը նաև ընդգծել է, որ այս քայլը պետք է դիտարկել Կառավարության կողմից գիտության ֆինանսավորումը 82%-ով բարձրացնելու համատեքստում, իսկ այն թիմը, որը պետք է զբաղվի տվյալների մշակման գործընթացով՝ «Satlantis»-ի կողմից անցնելու է կարողությունների ձեռքբերման ուսուցում: Տիեզերալուսանկարները կարող են օգտագործվել սահմանների մշտադիտարկման, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և այլ նպատակներով:
Հարցազրույցի ընթացքում ներքաղաքական որոշ հարցերի անդրադառնալուց զատ՝ նաև շոշափվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Արշալույս Մղդեսյանի հարցին, թե ինչ բովանդակությամբ քննարկումներ են ծավալվում ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումների ընթացքում՝ Ա. Գրիգորյանը մանրամասնել է, որ քննարկումները մասնավորապես 4 ուղղություններով են ընթանում՝ հումանիտար հարցեր, սահմանազատում և սահմանանշում, ապաշրջափակում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր:
Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ