Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

Նոր իշխանության մեծ լեգիտիմությունն ամենակարևոր հիմքն է հաջողություն ունենալու համար. ԱԽ քարտուղար

18 / 05 / 2018

Ըստ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի, քաղաքականության մեջ ամենակարևոր բաներից մեկը լեգիտիմությունն է։
Նոր իշխանությունը, ըստ Գրիգորյանի, մեծ լեգիտիմություն ունի, որն ամենակարևոր հիմքն է հաջողություն ունենալու համար։
ԱԽ նորանշանակ քարտուղարի հետ «Ազատության» հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, որպես կանոն ընդունված է պաշտոն ստացող մարդուն շնորհավորել, իսկ Դուք ընդունո՞ւմ եք շնորհավորանքներ, թե՞ սա Ձեզ համար ավելի շատ որպես ծառայություն է ընկալվում։
Գրիգորյան. - Միանշանակ սա ինձ համար ծառայություն է ընկալվում։ Ես այդ շնորհավորանքները ոչ թե ընկալում եմ որպես պաշտոն, այլ ես այդ շնորհավորանքներն ընկալում եմ իմ ամբողջ կարողությունները և ներուժը ներդնելու Հայաստանի անվտանգության քաղաքականության մշակմանը, ինչպես նաև անվտանգության բարձրացմանը։
«Ազատություն». - Ի՞նչ առաջնահերթություններ են Ձեր առջև դրված։
Գրիգորյան. - Նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը, ինչպես նաև, ըստ Սահմանադրության, պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը։ Այսինքն՝ Անվտանգության խորհրդի վրա մեծ պարտականություն է դրված՝ պաշտպանության ոլորտի ուղղությունները նշելու և ձևավորելու համար։ Անհրաժեշտ է ունենալ նոր կադրեր, կառույցը կայացնել, որովհետև ըստ Սահմանադրության պահանջի՝ կառույցը նոր տեսք պետք է ստանա։ Առաջնահերթությունները մոտավոր հայտնի են, բայց անհրաժեշտ է հետազոտություն կատարել և քաղաքականություն մշակել։ Ես ուզում եմ ասել, որ նոր Հայաստանում քաղաքականության մշակման հիմքում հիմնարար սկզբունք է լինելու գիտությունը, անհրաժեշտ է գիտությունը բերել քաղաքականության մշակման ոլորտ և նոր թափ տալ քաղաքականության մշակմանը, հենց գիտության շնորհիվ էլ հասկանալ այն ուղղությունները, որոնցով պետք է Հայաստանում գործող պետական կառույցներն աշխատեն։
«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի դերակատարման մասով ի՞նչ կարող եք ասել, հայտնի է, որ նախորդ իշխանությունները քննադատության էին ենթարկվում այս կառույցում ոչ հավասարակշռված տեղ ունենալու համար։
Գրիգորյան. - Հայաստանը մտել է մի նոր փուլ, որտեղ Հայաստանն ունի մի բարձր սուվերեն մակարդակ՝ իշխանությունն ունի հանրության աջակցությունը, և այստեղ, կարծում եմ, որ անհրաժեշտություն կա աշխատելու տարբեր ուղղություններով։ Նախկին իշխանության քննադատությունները հաշվի առնելով, թե իրենք որտեղ են ձախողվել, մենք այդ ամեն ինչը հաշվի առնելով նոր մակարդակի կհասցնենք հարաբերությունները, որպեսզի նախկին սխալներն այլևս չկրկնվեն։
«Ազատություն». - ՆԱՏՕ-ի հետ Երևանի հարաբերություններն ինչպե՞ս եք պատկերացնում, առաջիկայում ի՞նչ մակարդակի են բերվելու։
Գրիգորյան. - Կրկին պետք է քաղաքականության մշակման շրջանակներում հասկանանք Հայաստանի շահերը, իհարկե, մենք բոլորի հետ էլ ունենալու ենք շատ բարձր մակարդակի հարաբերություն, գործընկերային հարաբերություններ, և նաև պետք է հասկանալ, թե այդ հարաբերությունները խորացնելու ինչպիսի հնարավորություններ և մակարդակներ կան։ Այստեղ կրկին պատասխանը, ես կարծում եմ, որ մենք ավելի շատ գտնելու ենք քաղաքականության մշակման ընթացքում և քաղաքականության մշակման արդյունքում կորոշենք, թե որոնք են այն ուղղությունները, որով մենք պետք է աշխատենք ակտիվ։
«Ազատություն». - Դուք երիտասարդ եք, պետական պաշտոններում աշխատանքի փորձ չունեք, և կասկածից վեր է, որ Ձեր ընդդիմախոսների առաջին քննադատությունը հենց սա է լինելու։
Գրիգորյան. - Հայաստանում երկար ժամանակ պետական փորձ ունեցող մարդիկ երկիրը ղեկավարել են, և դրա արդյունքները տեսել ենք։ Քաղաքականության մեջ ամենակարևոր բաներից մեկը լեգիտիմությունն է։ Այս իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, մեծ լեգիտիմություն ունի, ու դա ամենակարևոր հիմքն է, որպեսզի մենք կարողանանք հետագայում հաջողություն ունենալ, բայց կա մի այլ հանգամանք՝ Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն աշխատելու է բաց սկզբունքով, այսինքն՝ իշխանությունը որևէ որոշում չի կայացնելու ու գա հանրությանը պարտադրի։ Հանրությունը ներգրավվելու է և՛ քաղաքականության մշակմանը, և՛ ինչ-որ ձևով հնարավոր է նաև իրագործմանն էլ, բայց հիմնականում իրագործումը կմնա գործադիրի վրա։
Ընդհանուր առմամբ, քաղաքականության մշակման ընթացքում հանրության ներգրավումը ամենակարևոր երաշխիքն է, որ մենք չենք սխալվի։ Մենք ապավինում ենք, որ հանրությունը շատ բարձր գիտակցություն ունի, հանրությունը խելացի է, և նրանց ներգրավումը մինիմալիզացնելու է մեր սխալները։ Շարժումն էլ ցույց տվեց, որ հանրության գիտակցությունը բարձր մակարդակի է, և Հայաստանում ժողովրդավարությունը կարող է շատ բարձր մակարդակով աշխատել, և այստեղ ես կասկած չունեմ, որ երիտասարդները, ովքեր պետական պաշտոններում են, կկարողանան դա օգտագործել:
Բայց ասեմ նաև ավելին՝ պետական կառավարման կոնկրետ փորձ չունեմ, բայց ունեմ կառավարման մեծ փորձ՝ դիտորդական առաքելությունում 3000 դիտորդ են եղել, որի կառավարումով զբաղվել եմ, և համոզված եմ, որ դա մեծ փորձ է, օրինակ, 40-45 հոգանոց կառույց ղեկավարելու և քաղաքականություն մշակելու համար։

Հղումն այստեղ