ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթ առցանց հեռուստաընկերությանը
14 / 11 / 2022
Նոյեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթ առցանց հեռուստաընկերությանը:
Պատասխանելով Արշալույս Մղդեսյանի այն հարցին, ըստ որի Ադրբեջանը շարունակում է ակտիվ մամուլի հաղորդագրություններ տարածել հայկական զորքերի կողմից հրադադարի իբրև խախտման մասին, ԱԽ քարտուղարը նշել է, որ դրանց նպատակը մեկն է՝ իրավիճակի ապակայունացում և ռազմական գործողությունների վերսկսում: Ա. Գրիգորյանը նաև հավելել է, որ ինչքան ադրբեջանական կողմը սրում է իրավիճակը՝ այնքան ավելի օրակարգային են դառնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին քննարկումները, ինչպես նաև միջազգային մեխանիզմի ստեղծումը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ եթե այն կնքվում է հայկական կողմի առաջարկած տարբերակով՝ տարբեր մեխանիզմների ստեղծում, ապա դրանք իրենց հերթին երաշխիքներ են ստեղծելու, որպեսզի խաղաղության պայմանագրի շրջանակներում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները կատարվեն: Այդ երաշխիքներից մեկը կարող է լինել Միջազգային երաշխավորների ինստիտուտի ստեղծումը:
ՀԱՊԿ-ից ակնկալվող աջակցության հարցի վերաբերյալ քարտուղար Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի ակնկալիքը դեռևս առաջին իսկ օրից ձևակերպվել և ներկայացվել է ՀԱՊԿ անդամ պետություններին, այն է՝ դիվանագիտական, ռազմաքաղաքական աջակցություն, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ ինքիշխան տարածքից:
Հարցազրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել հայ-հնդկական և հայ-իրանական երկկողմ համագործակցության որոշ ոլորտների և արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելուն:
Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ