Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման երկրորդ տարվա միջոցառման ընթացքում

28 / 02 / 2025

Հարգելի պարոն Ռիտեր,

Հարգելի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ,

Հարգելի դեսպաններ և դիվանագետներ,

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ միանալ բոլոր շնորհավորանքներին և հատուկ երախտիքի խոսք ասել Եվրոպական Միությանը, ԵՄ անդամ երկրներին և դիտորդական առաքելության անձնակազմին՝ իրենց կատարած աշխատանքի և կարևոր առաքելության համար: Մենք բարձր ենք գնահատում առաքելության աշխատանքը, որպես կայունության գործոն, որը խորհրդանշում է ԵՄ հանձնառությունը ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս համատեքստում կարևոր է նաև նշել, որ վերջերս ԵՄ-ն երկարաձգել է դիտորդական առաքելության մանդատը ևս երկու տարով, ինչը հստակ ազդակ է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել տարածաշրջանում կայունության պահպանմանը և խաղաղության հաստատմանը:

ԵՄ առաքելությունը դարձել է տարածաշրջանում թափանցիկության ապահովման կարևոր գործիք: Առաքելությունը բազմիցս ապացուցել է իր պահանջված լինելը: Ասածիս վառ օրինակն է անցած տարի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումից առաջ առաքելության կատարած աշխատանքը: Բոլորդ լավ հիշում եք, թե ինչպիսի կեղծ մեղադրանքներ էին հնչում Հայաստանի հասցեին, կեղծ լուրեր էին տարածվում, ըստ որոնց Հայաստանը պատրաստվում էր հարձակման, և այստեղ իր կարևոր դերն ունեցավ ԵՄ առաքելությունը, որն իր դիտարկումների միջոցով հերքեց կեղծ լուրերը և օգնեց կայունացնել իրավիճակը:

Բացի վերը նշվածից առաքելությունն իր դրական ազդեցությունն ունի ՀՀ և ԱՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին կայունության ապահովման հարցում: Հենց կայունության գործոն լինելու պատճառով էլ հաճախ ԵՄ դիտորդական առաքելությունը թիրախավորվում և անտեղի քննադատության է ենթարկվում տարբեր երկրների կողմից: Մեզ նաև չի զարմացնում, որ երբեմն երկու տարբեր մայրաքաղաքներից հնչող քննադատության բովանդակությունը գրեթե 99 տոկոսով համընկնում է: Մենք անընդունելի ենք համարում ԵՄ առաքելության դեմ տարվող կեղծ քարոզչությունը և շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքն առաքելության հետ՝ դիմակայելու կեղծ լուրերին:

Հարգելի ներկաներ,

Տարածաշրջանում կայունության գործոն լինելուց բացի, առաքելությունը նաև դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին: Իհարկե սա առաքելության մանդատը չէ` դրականորեն փոխելու հայ հանրության ընկալումները Եվրոպայի մասին, սակայն սա՝ գործունեության արդյունք է: Հետևաբար, այս առումով ևս ուզում եմ գնահատել ԵՄ առաքելության դերը:

Վերջին երկու տարում առաքելությունն ընդլայնվել է ինչպես դիտորդների քանակով, այնպես էլ ներգրավված երկրների առումով։ Մեր կողմից ողջունելի է առաքելության ընդլայնումը և Կանադայի մասնակցությունն առաքելության շրջանակներում, որը խորհրդանշում է ժողովրդավարական մտածողության համախոհություն:

ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների մեջ կարևոր նշաձող է սահմանել, և այս երկու տարիների երկուստեք աշխատանքն արդյունավետ համագործակցության ցուցիչ է։ ՀՀ-ԵՄ հարաբերություններն արժեքահեն են, ամուր, հեռանկարային և ընդլայնվող: Մենք հաստատակամ ենք շարունակաբար ընդլայնել մեր գործընկերությունն նաև անվտանգության ոլորտում:

Հարգելի ներկաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն ու հաջողություն մեր համատեղ գործում:

Շնորհակալություն:

Ելույթն ամբողջությամբ այստեղ