ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Ազատություն ռադիոկայանի» տաղավարում
23 / 07 / 2019
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հյուրընկալվել է «Ազատություն» ռադիոկայանի «Քաղաքականությունը ներսից» հաղորդաշարի տաղավարում:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ տեղի ունեցած հարցազրույցից:
«Ազատություն»․ - Պարո'ն Գրիգորյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օրերս ստեղծվեց հատուկ միջգերատեսչական հանձնախումբ Ձեր գլխավորությամբ, որը, փաստորեն, պետք է առաջիկա մեկ տարվա ընթացքում մշակի Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը: Ինչու՞ որոշվեց փոխել գործող ռազմավարությունը:
Արմեն Գրիգորյան. – Պատճառները բազմաթիվ են, և պատճառներից փորձեմ մի քանիսը նշեմ․ ամենակարևորներից մեկը․ նախ՝ միջազգային ասպարեզում կամ միջազգային հարաբերություններում ֆունդամենտալ փոփոխություններ են տեղի ունեցել: 2007 թվականին, երբ որ ազգային անվտանգության ռազմավարությունը գրվել է, այդ ժամանակ Ռուսաստան-արևմուտք հարաբերություններում այդպիսի ճգնաժամ չկար, որը հիմա կա։ Հետո՝ ռուս-վրացական պատերազմը, որը մեծ ազդեցություն է ունեցել տարածաշրջանի վրա, Իրանի հանդեպ սանկցիաները, նաև ապրիլյան պատերազմը դեռ չէր եղել։ Սրանք բոլորը ամբողջովին փոխել են: Դրա հետ միասին նաև Հայաստանի ներսում ֆունդամենտալ փոփոխությունն է տեղի ունեցել՝ թավշյա ոչ բռնի հեղափոխությունը, որը իր հետ բերել է կառավարման համակարգի տրամաբանության և փիլիսոփայության մեջ փոփոխություն, և այս ամենը նաև ժամանակի տեսանկյունից, որովհետև նախկին ազգային անվտանգության ռազմավարությունը գրվել է 2007 թվականին․ 12 տարի է անցել, և, ընդհանրապես, պրակտիկայում նման փաստաթղթերը ընտրական ցիկլով թարմացվում են: Անհրաժեշտություն կա, որ, ժամանակն էլ հաշվի առնելով, թարմացվի:
«Ազատություն»․ - Օրերս Ձեր գլխավորած պատվիրակությունը Արցախում էր, Դուք այնտեղ հանդիպումներ ունեցաք Լեռնային Ղարաբաղի նախագահի, Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ, Պաշտպանության նախարարությունում, Արտգործնախարարությունում: Մի փոքր արդյունքները խնդրում եմ ներկայացրեք:
Արմեն Գրիգորյան․ - Այցը, բնականաբար, շատ արդյունավետ էր այն առումով, որ հիմնական թիրախային թեման ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումներն են, որպեսզի մենք կարողանանք և՛ բարձրացնենք անվտանգությունը, և՛ տնտեսական հնարավորություններ ստեղծենք Արցախում՝ զարգանալու համար, որովհետև և՛ տնտեսական զարգացումը, և՛ անվտանգությունը մեզ համար Արցախի դեպքում շատ իրար հետ փոխկապակցված են, Հայաստանի դեպքում ևս էդպես է, և պետք է էնպես անենք, որ ներդրումները ռազմավարական ենթակառուցվածքներում արդյունավետ լինի և՛ տնտեսության համար, ինչպես նաև անվտանգությունը բարձրացնի:
Էս պահին, պլաններով 2020 թվականին, նախնական քննարկումներով, պատրաստվում ենք մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել: Արդեն որոշում կա:
«Ազատություն»․ - Կա՞ն ուղղությունները, հայտնի՞ են արդեն այդ ճանապարհի: Մե՞կ ճանապարհ է լինելու, թե՞ տարբեր․․․
Արմեն Գրիգորյան․ - Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս ամբողջ քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը:
Ի դեպ, Արցախի մասով ասեմ, որ արդեն քաղաքական որոշում կա, և որոշում այն մասով, որ մենք բոլոր հենակետերում Արցախում ունենալու ենք․․․
«Ազատություն»․ - Կներեք, այսինքն՝ Վարդենիս-Մարտակերտ, Գորիս-Ստեփանակերտ և Կապան այդ հարավային ուղղությամբ ճանապարհը՝ սա լինելու է փաստորեն երրորդ կապող ճանապարհը Հայաստանի և Արցախի:
Արմեն Գրիգորյան․ - Բնականաբար, ու մենք պլանավորում ենք, որ դա կկառուցենք շատ կարճ ժամանակում՝ 2020 թվին:
«Ազատություն»․ - Կա՞ն ֆինանհսական միջոցները:
Արմեն Գրիգորյան․ - Բնականաբար, եթե քաղաքական նպատակ կա: Ես կարող եմ ասել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը, մեծ հաշվով, ոչ թե ունի ռեսուրսների խնդիր, այլ էդ ռեսուրսների շրջանակներում ծրագրերը իրականացնելու պոտենցիալի խնդիր ունի: Եվ ես համոզված եմ, որ մյուս տարի կկարողանանք դա նպատակին հասցնել, և շատ կարևոր բան էլ․ երբ որ ասում ենք ռազմավարական ենթակառուցվածքներ, օրինակ՝ բոլոր հենակետերում մինչև 2020 թվականի հոկտեմբերը պլանավորում ենք, որ ջրամատակարարում է լինելու՝ արդեն քաղաքական որոշումը կա, տեխնիկական խնդիր է մնացել, որպեսզի ֆինանսական հատկացումները լինեն, և ամբողջովին բոլոր հենակետերը ունենան ջրամատակարարում: Եվ այլ ենթակառուցվածքներ էլ ենք քննարկում:
«Ազատություն»․ - Կարո՞ղ եք մեկ-երկուսը նշել, թե՞ գաղտնիք է:
Արմեն Գրիգորյան․ - Դեռևս վաղ փուլում է, ավելի կոնկրետանալու դեպքում կխոսենք:
«Ազատություն»․ - Ես հիշում եմ, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը Արցախի հարավային շրջաններում էր, էնտեղ նոր բնակավայրի կառուցմանն էր ներկա գտնվում, բացման արարողությանը: Այդ առումով, Հայաստանը մտադի՞ր է արաքսամերձ շրջաններում կամ Քարվաճառի շրջանում նոր բնակավայրեր կառուցել, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը մտադի՞ր են:
Արմեն Գրիգորյան․ - Էս պահին ավելի շատ ենթակառուցվածքների մասով ենք մտածում, քննարկումները էդ ուղղությամբ է, մնացած մասով եթե ինչ-որ բաներ ունենանք, դրա մասին ավելի հրապարակային կխոսենք: Բայց էս պահին ավելի առաջնահերթ ենք համարում ենթակառուցվածքների ստեղծումը, որը և՛ անվտանգություն է ապահովելու, ինչպես նաև նպաստելու է, որպեսզի տնտեսական զարգացում լինի: