Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքը «Ազատություն» ռադիոկայանի եթերում

02 / 12 / 2019

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Արմեն Գրիգորյան - Հեղափոխությունից հետո, ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում էական փոփոխություններ են եղել, և դեպի դրական ուղղությամբ էական փոփոխություններ, և այս փոփոխությունը, համոզված եմ, նաև այս ընկալումների մասով է: Եվ երբ որ մենք այս հարցերը բարձրացնում ենք և քննարկում ենք մեր գործընկերների հետ, ես համոզված եմ, որ դա իր արտացոլումն է գտնելու հետագայում նաև իրենց վարքագծի մեջ: Եվ նաև հայ-ռուսական հարաբերությունների այն դինամիկան, որը վերջին, կարելի է ասել, մեկ տարվա ընթացքում կա, նույնիսկ այս տարվա վերջին մի քանի ամիսների ընթացքում. տեղյակ եք, որ օգոստոսին Հայաստան է ժամանել իմ գործընկերը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, այնուհետև Հայաստան է ժամանել նաև Ազգային ժողովի նախագահի գործընկերը, դրան հետևեց նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցը, այնուհետև՝ Արտաքին գործերի նախարարի այցը, և կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում շատ դրական դինամիկա արձանագրվեց, մենք ֆիքսեցինք, որ կարողացել ենք առաջ գնալ և ունենալ զգալի հաջողություններ, և այս այցերը նաև ֆիքսել են էդ հաջողությունները:

Եվ կարծում եմ՝ այսպիսի հարաբերությունները նաև թույլ են տալու, որպեսզի մենք այս հարցերը ավելի բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկենք և գտնենք այս իրավիճակի լուծումը, որովհետև ես համոզված եմ, որ միանշանակ, քանի որ Ռուսաստանը ներկայություն ունի Սիրիայում, «Իսլամական պետության» ցանկացած հավելյալ տեղ դիրքավորումը Ռուսաստանի անվտանգության համար մարտահրավեր է, և սա միասնական մարտահրավեր է, և այս միասնական մարտահրավերում մեր շահերը, միանշանակ, համընկնում են, և համոզված եմ, որ մենք, ինչպես Սիրիայում ենք գործել և քննարկել ենք համատեղ գործողությունները, գիտեք, որ Սիրիայում ունենք հումանիտար օգնություն, դա նաև իր արտացոլումը կգտնի այլ ուղղություններում մեր հարաբերություններում:

Ընդհանրապես, տարեսկզբին Հայաստանում կատարված նախորդ տարվա բարեփոխումները ահագին մեծ ազդեցություն են ունեցել, և միջազգային տարբեր կառույցների կողմից Հայաստանի գնահատականները մեծ առաջընթաց են գրանցել: Տարեվերջին արդեն մենք կարծես թե շատ մեծ քայլերով առաջ ենք գնացել, և հետաքրքիր է, որ Gallup International-ի կողմից կատարած հետազոտության, որը հանրության ընկալումն է, անհատների ընկալումն է անվտանգության առումով, մենք հայտնվել ենք առաջին 10 երկրների մեջ, որտեղ քաղաքացիների ընկալումը անվտանգության մասին շատ բարձր մակարդակի վրա է, այսինքն՝ քաղաքացիները իրենց անվտանգ են զգում: Հայաստանում դա շատ բարձր ցուցանիշ է, և հայտնվել ենք մենք առաջին տասնյակում: Սա երկրորդ դեպքն է, երբ որ մենք հայտնվում ենք առաջին տասնյակում՝ առաջինը Freedom House-ի կողմից հրապարակված՝ ինտերնետում ազատության ցուցանիշն է, որտեղ ևս առաջին տասնյակում ենք: Եվ էս առումով սա ցույց է տալիս, որ Հայաստանում ընթացող բարեփոխումները, ժողովրդավարացումը, տնտեսական զարգացումը է՛լ ավելի շատ բարձրացնում են երկրի անվտանգությունը, և ոչ միայն անվտանգությունը՝ երկրի իմիջը, երկրի իմիջի մասին բազմաթիվ խոսող փաստեր կան, բայց միայն հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ-ի ժողովը, որին մասնակցում էին նաև Իրանը և Սինգապուրը, նաև խոսում է Հայաստանի բարձր հեղինակության մասին:

Կարող եմ շատ հստակ թվերով ասել, որ, օրինակ, 2017 թվականի ռազմական բյուջեն եղել է 202 միլիարդ, 2020 թվականի ռազմական բյուջեն լինելու է 303-304 միլիարդ դրամ, այսինքն՝ 2017-ի նկատմամբ 50 տոկոս բարձրացում է տեղի ունեցել: Եվ այս առումով, Հայաստանում շարունակական բարեփոխումներ են կատարվում անվտանգության ոլորտում, որը նաև բարձրացնում է արդյունավետությունը մեր ռեսուրսների ծախսման:

Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ