Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Սիվիլինեթի եթերում

29 / 04 / 2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի եթերում զրուցել է ներքին անվտանգության, պաշտպանական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև Արցախի անվտանգության և հետընտրական քաղաքական իրավիճակի մասին:

Անդրադառնալով Գավառում տեղի ունեցած դեպքերին և ներքին անվտանգության խնդիրներին` Արմեն Գրիգորյանը նշեց, որ «հասկանալով այս հանգամանքը` մենք նախաձեռնել ենք ոստիկանության բարեփոխումների մեծ փաթեթ: Այս դեպքը ևս մեկ անգամ հաստատեց, որ մենք պետք է արագացնենք այդ բարեփոխումները: Այստեղ նաև մտքի և գաղափարի փոփոխության անհրաժեշտություն կա, որովհետև նաև այդ գաղափարներն են սնուցում ստանում և որոշակի միջավայրում թույլ են տալիս այսպիսի ելքով դեպքեր տեղի ունենան»: Միևնույն ժամանակ, ԱԽ քարտուղարը կարևորեց ոստիկանության բարեփոխումների գործընթացում հանրային ընկալումների կարևորության մասին, մասնավորապես նշելով. «Իհարկե ոստիկանության բարեփոխումներում մենք մի շատ հարցերում առաջընթաց կգրանցենք, բայց եթե հանրային ընկալումներում փոփոխություններ չլինեն, ապա դայդ բարեփոխումների հաջողությունը մեծ չի լինի»:

Խոսելով Արցախում տեղի ունեցող հետընտրական գործընթացների մասին՝ Ա. Գրիգորյանն ասել է. «Ընդհանուր առմամբ, հետընտրական կրքերը հանդարտվել են, և այժմ ընդհանուր քաղաքական օրակարգեր են քննարկվում Արցախում»:

«Իրականում ինձ համար այդ տարածքները ոչ թե պարզապես հողեր էին, այլ դրանք անվտանգության գծեր էին, և այդ անվտանգության գծերի որևիցե թիզի հանձնումն անգամ մինչև իմ պաշտոնին նշանակվելը անընդունելի են եղել», - ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Արցախյան հիմնահարցի կարգավորման մասին:

Պաշտպանական ոլորտի բարեփոխումների հանձնախմբի աշխատանքների և ուղղությունների վերաբերյալ Ա. Գրիգորյանն ասել է. «Բարեփոխումների փիլիսոփայությունը այն է, որ մենք պետք է փորձենք այնպես անել, որ Պաշտպանության նախարարությունը հնարավորինս չզբաղվի այն գործառույթներով, որոնք չեն վերաբերում ռազմական գործին: Օրինակ՝ սննդակարգի փոփոխությունը, երբ որ կատարեցինք, դա ֆունդամենտալ և ահռելի մեծ ազդեցություն ունեցավ բանակի վրա: Ի դեպ, մենք այս փոփոխությամբ կարողացել ենք նաև վերացնել քրեական ենթամշակույթի միջավայրը: Բարեփոխումների շրջանակում մենք կարևորում ենք պառլամենտի՝ որպես վերահսկողական մարմնի դերի մեծացումը: Մենք մտածում ենք այն մեխանիզմների և ինստիտուտների մասին, որոնք պառլամենտի դերը կմեծացնեն պաշտպանական ոլորտում և՛ քաղաքականության մշակման, և՛ վերահսկողական մեխանիզմների կիրառման տեսանկյունից:

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ