Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Ազատություն Ռ/Կ-ին

10 / 06 / 2020

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազատություն Ռ/Կ-ի եթերում խոսել է վերջին շրջանի նշանակումների, ներքաղաքական իրավիճակի, համաճարակի դեմ պայքարի, պաշտպանական ոլորտի բարեփոխումների, ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման կարևորության մասին:

«Ընդհանուր առմամբ Հայաստանում անվտանգության ոլորտում ինտենսիվ բարեփոխումներ են կատարվում, և այդ բարեփոխումների տրամաբանության շրջանակներում երբեմն անհրաժեշտություն է լինում նաև կադրային փոփոխություններ կատարելու», ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով վերջին շրջանի նշանակումների մասին: Միաժամանակ Ա. Գրիգորյանը հավելել է, որ «հիմնական խնդիրը այն է, որ բարեփոխումների օրակարգը պաշտոնյաները կարողանան իրականացնել, և հենց այդ տրամաբանության շրջանակներում էլ փոփոխությունները կատարվել են»:

Խոսելով Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության որակական մակարդակի և նոր ժողովրդավարական Հայաստանի պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ «Հայաստանի ժողովրդավարացման պրոցեսը պետք է իր արտացոլումը գտնի ոչ միայն ուժային կառույցներում, այլ ամբողջ պետական կառավարման համակարգում: Հեղափոխության նպատակներից է եղել ամբողջ պետական կառավարման համակարգը դնել ժողովրդավարական հենքերի և սկզբունքների վրա»:

Անդրադառնալով վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին՝ Ա. Գրիգորյանը ասել է. «Ինստիտուցիոնալ ոչ մի կարողություն չկա Վարչապետի հրաժարականի ուղղությամբ որևէ պրոցես սկսելու, իսկ նման փորձերը դատապարտված են անհաջողության: Դրանք կարելի է որակել հինգերորդ շարասյան գործողություններ, քանի որ Հայաստանը պատերազմ է վարում թաքնված թշնամու դեմ: Այդպիսի մի պատերազմական ճակատ փորձել է բացել Ադրբեջանը, բայց ձախողել է: Մեր տված պատասխանների արդյունքում այդ էջը փակվել է»: ԱԽ քարտուղարը վերահաստատեց, որ «Հայաստանում փոփոխությունները հնարավոր են միայն ժողովրդավարական ճանապարհով»:

Պաշտպանական ոլորտի բարեփոխումների հանձնախմբի աշխատանքների և ուղղությունների վերաբերյալ Ա. Գրիգորյանն ասել է. «Հայաստանում սկսված անվտանգության ոլորտի բարեփոխումները մեզ բերեցին այն եզրահանգման, որ անհրաժեշտության կա այսպիսի աշխատանքային խումբ ունենալու, որը կքննարկի բարեփոխումների միջգերատեսչական հարցեր: Բարեփոխումների ընդհանուր փիլիսոփայությունը այն է, որ պաշտպանության ընդհանուր համակարգը կենտրոնանա իր բուն առաքելության վրա»:

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ