ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Արամ Աբրահամյանի հետ
22 / 07 / 2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հեռանկար» հաղորդաշարում խոսել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների կանխատեսելիության, կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման կարևորության, Ազգային անվտանգության նոր ռազմավարության և դրանում ամրագրված կարևոր սկզբունքների և դրույթների մասին:
Հայ-ադրբեջանական սահմանային դեպքերի մասին խոսելիս Ա. Գրիգորյանը ասել է. «Ընդհանուր առմամբ, դեռ մարտին նավթի գների անկումից հետո հստակ երևում էր, որ շատ հավանական է Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքն Արցախի կամ Հայաստանի Հանրապետության սահմանին: Ադրբեջանը գնում էր ռազմական սադրանքի և կատարում էր դրա նախապատրաստական աշխատանքները: Բնականաբար այդ բոլորը մեր ուշադրությունից չէր վրիպում, և գրեթե մեծ վստահությամբ մենք գնահատական էինք տվել, որ Ադրբեջանը գնալու է ռազմական սադրանքի: Ադրբեջանը շարունակում է ցանկություն և նպատակ ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու: Բայց հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերին և ձախողել է իր գործողությունները: Այդ բոլոր փորձերը ձախողման են մատնվել և համոզված եմ հետագայում նույնպես ձախողվելու են: Մեր ամբողջ պետական կառավարման համակարգը և զինված ուժերը ուշի-ուշով հետևում են բոլոր գործընթացներին և Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավին որևիցե հնարավորություն չեն տալու սադրանքի միջոցով տարածաշրջանում անկայունություն մտցնել»:
Անդրադառնալով Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը՝ Ա. Գրիգորյանը նշել է. «Երբ հուլիսի 10-ին հրապարակվեց ռազմավարությունը, այն երկու օր հետո թեստ անցավ: Ռազմավարությունում հստակ նշված է, որ Հայաստանի անվտանգության համար մեկ սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Մեզ համար սպառնալիք է նաև Թուրքիայի վարքագիծը: Այս զարգացումները ցույց տվեցին, որ Թուրքիան շարունակում է իր ոչ բարիդրացիական վարքագիծը Հայաստանի հանդեպ: Բացի դրանից, Ադրբեջանին օգնություն է տրամադրում, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով հարցը լուծելու դիրքորոշում ունենա»:
Շարունակելով խոսքը Ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ՝ ԱԽ քարտուղարը նշել է. «Շատ կարևորում ենք դիմակայունությունը և՛ տնտեսության, և՛ անվտանգության համակարգի: Կորոնավիրուսը և նման ճգնաժամերը ցույց են տվել, որ չկա մեկ ինստիտուտ, որի միջոցով հնարավոր է բոլոր հարցերը լուծել: Կորոնավիրուսի դեմ պայքարը միայն առողջապահության համակարգի խնդիրը չէ: Ռազմական խնդիրները նույնպես հնարավոր չէ միայն պաշտպանական համակարգով լուծել: Դա մի շարք ինստիտուտների փոխգործակցության արդյունք է, որի շնորհիվ պատերազմում հաղթում ենք, իսկ համաճարակի դեպքում՝ ճգնաժամը վերացնել և համաճարակը վերացնել: Այս դեպքում կարևոր է հենց դիմակայունությունը և ինստիտուտների միջև փոխգործակցությունը, որը ռազմավարությունում ձևակերպաված է հենց այդպես՝ «դիմակայունություն»»:
Տեսանյութն ամբողջությամբ այստեղ