Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը ՍիվիլՆեթի տաղավարում

23 / 07 / 2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի տաղավարում խոսել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունում սահմանված հիմնական սպառնալիքների, Ադրբեջանի գործողությունների կանխատեսելիության գնահատումներում Օկկամի ածելիի կիրառման, Հայաստանի հիմնարար ազգային շահ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ ընդհանուր Արցախը դիտարկելու, ինչպես նաև Տավուշյան դեպքերի ժամանակ ռազմավարությունում սահմանված կարևոր սկզբունքների ու դրույթների փորձություն անցնելու, մասնավորապես՝ սեփական անվտանգության երաշխավոր լինելու, պետական կառավարման համակարգի բարձր դիմակայունության, համահայկականության՝ որպես արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքի մասին:

Անդրադառնալով Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը և դրանում սահմանված սպառնալիքների մասին ԱԽ քարտուղարը նշել է. «Ռազմավարությունը հրապարակվեց հուլիսի 10-ին և երկու օր հետո Տավուշում սկսվեց Ադրբեջանի սադրանքը: Ռազմավարությունը որոշակի առումով հուլիսի 12-ից թեստ է անցնում, որպեսզի մենք հասկանանք այն ինչքանով է արտացոլում իրականությունը: Կարող եմ ասել, որ ամբողջովին արտահայտում է: Ռազմավարությունում նշված է, որ Հայաստանի ազգային անվտանգության համար առաջնային սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանը: Բացի այդ, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին ևս սպառնալիք է: Ռազմավարությունում սահմանված սկզբունքները նույնպես արտահայտվել են տավուշյան դեպքերի ժամանակ: Օրինակ մեր արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից է համահայկականությունը և մենք ականատես եղանք ինչպես կոնֆլիկը այլ բախման կետեր բացեց սահմաններից դուրս »:

Խոսելով վերջին օրերի տարածաշրջանային զարգացումների և Թուրքիայի մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները կարևոր դերակատարություն ունեն, նաև տարածաշրջանում Թուրքիային զսպելու տեսանկյունից: Մենք տեսնում ենք, որ Թուրքիային նաև այս հանգամանքն է հաշվի առնում և իր հայտարարություններում որոշակի զսպվածություն է ցուցաբերում: Բացի այդ, մեր պաշտպանական կարողությունները բարձրացնելու խնդիր կա»:

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ