Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի եթերում

01 / 08 / 2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսել է Տավուշյան դեպքերի, Ադրբեջանում կառավարման ճգնաժամի, Հայաստանի կուռ կառավարման համակարգի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Խոսելով տավուշյան դեպքերի, Թուրքիայի և տարածաշրջանային զարգացումների մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Թուրքիայի, ինչպես նշեցի, առավել ակտիվ լինելը կապված է նաև Ադրբեջանի անհաջողությունների հետ, և Թուրքիան տեսնելով, որ Ադրբեջանն ինքն իր ուժերով չի կարողանում իրավիճակին վերահսկողություն տալ կամ վերահսկել իրավիճակը, փորձում է միջամտություն ունենալ: Սա, ես կարծում եմ, որ տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք է, սա նաև մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությանը, որովհետև երկար տարիներ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը մի տեսք է ունեցել, հիմա դա փորձում է Թուրքիայի միջամտությամբ փոխել: Մենք ամբողջովին պատրաստ ենք և նաև քայլեր ենք ձեռնարկելու՝ սա հնարավորինս մինիմալիզացնել: Մենք նաև մեծ աշխատանք ունենք կատարելու այս ուղղությամբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որպեսզի թույլ չտանք, որ տարածաշրջանում այսպիսի փոփոխություններ լինեն»:

Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային ԱԽ քարտուղարը ասել է. «Մենք պարբերաբար մեր և՛ միջազգային գործընկերներին, և՛ բնականաբար, օրինակ, Ադրբեջանին բացատրել ենք, որ «մի փորձեք չափել մեր համբերությունը, մի փորձեք ռազմական ճանապարհով խնդրին լուծում տալ»: Եթե Հայաստանի Հանրապետությունը տեսնում է, որ իր անվտանգությանը սպառնալիքներ կան, քայլեր է ձեռնարկելու և քայլեր է ձեռնարկելու, որպեսզի այդ բոլոր սպառնալիքները չեզոքացնի: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու անվտանգություն մենք պահելու ենք, պահպանելու ենք և չենք թողնելու, որ ինչ-որ քայլեր ձեռնարկեն, որ այդ անվտանգությունը նույնիսկ մեկ միլիմետր իջնի: Ադրբեջանը պարբերաբար դա չէր հասկանում և փորձ էր կատարում մեր համբերությունը չափել, և այս առումով, կարծում եմ, լավ դաս եղավ Ադրբեջանի համար, որ փորձի հետ գա բանակցային գործընթաց, որովհետև վարչապետի կողմից առաջարկված յոթ կետերը կարծում եմ՝ շատ արդյունավետ կետեր են, որպեսզի խաղաղ ճանապարհով մենք փորձենք խնդիրը լուծել, և Ադրբեջանը ճիշտ է հայտարարել է, որ իր համար անընդունելի է, բայց ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում հետ կգա այդ յոթ կետերին, որովհետև այլընտրանք այդ յոթ կետերին չկա»:

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ