Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

Բաց հարթակ. Հարցազրույց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

18 / 08 / 2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Բաց Հարթակ» հաղորդման եթերում խոսել է Ազգային անվտանգության նոր ռազմավարության, տարածաշրջանային զարգացումների, կիբեռանվտանգության քաղաքականության, ռազմարդյունաբերության կարևորության և անվտանգային մի շարք այլ հարցերի մասին:

Խոսելով Տավուշյան դեպքերի և Ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Հուլիսյան դեպքերը ռազմավարության համար թեստ էին հասկանալու համար, թե արդյո՞ք այն բոլոր մոտեցումները որոնք արձանագրված են ռազմավարությունում արտացոլում են այն իրականությունը որում ապրում է Հայաստանը, Արցախի հետ համատեղ։ Փորձը ցույց տվեց, որ իսկապես այդպես է»։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին ԱԽ քարտուղարը նշեց. «Մենք ոչ միայն հակամարտություն ունենք Ադրբեջանի հետ, այլ մենք խնդիր ունենք նաև Թուրքիայի հետ, որի աջակցությունն Ադրբեջանին ամբողջովին փոխում է հակամարտության բնույթը։ Այս համատեքստում շատ է կարևորվում մեր կարողությունների շարունակական զարգացումը։ Բացի այդ, գլոբալ աշխարհում Կովկասի անվտանգությունն առնչություն ունի Միջերկրական ծովի անվտանգության հետ և հակառակը։ Մեզ համար հասկանալի է, որ Միջերկրականի անկայունությունը կարող է շղթայական տեղափոխվել այս տարածաշրջան»։

Միաժամանակ, Արմեն Գրիգորյանը հավելեց, որ. - «Հայաստանը տարածաշրջանում անվտանգություն պահպանող դերակատար է։ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները տարածաշրջանի համար սպառնալիք է և Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանի անվտանգության ապահովողն են։ Մենք ոչ միայն անվտանգության սպառող ենք, այլ նաև գլոբալ անվտանգության մեջ ներդրող»։

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ