Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Factor TV» եթերում

02 / 09 / 2020

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Factor TV» եթերում խոսել է աշխարհազորի ստեղծման, որպես քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային կարողությունների զարգացման կարևոր մասի, նոր սպառազինությունների ձեռքբերման և կատարելագործման, տավուշյան դեպքերի և պետական կառավարման համակարգի կուռ աշխատանքի, քաղաքական իրողությունների փոփոխությունների և դրանցից բխող Արցախի հարցի կարգավորման մոտեցումների, և անվտանգային օրակարգային այլ հարցերի մասին:

Անդրադառնալով աշխարհազորի ստեղծման նախագծին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է. «Վերջին 2-2.5 տարիներին ՀՀ անվտանգության համակարգում լայնածավալ բարեփոխումներ են կատարվել։ Ես նկատի ունեմ նոր սպառազինության ձեռքբերումից սկսած՝ մինչև սննդի համակարգի փոփոխություն, ինչպես նաև կառավարման համակարգում արդյունավետության բարձրացում, զորահավաքի ուղղությամբ հսկայածավալ աշխատանք ենք կատարել, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում ամբողջ պետության կառավարման համակարգը, տնտեսությունն ու բանակը պատրաստ լինեն պատերազմի։ Մեր գնահատականներով՝ ընդհանուր տարածաշրջանի սպառնալիքներն այնպիսին են, որ միայն բանակով անհնար է այդ հնարավոր սպառնալիքները զսպել։ Այո՛, Ադրբեջանի մասով մենք այսօր կարողանում ենք զինված, կանոնավոր բանակով այդ սպառնալիքը չեզոքացնել, նույնիսկ առավելություն ձեռք բերել, բայց տարածաշրջանում սպառնալիքներն այնպիսին են, որ հնարավոր այլ զարգացումների դեպքում մեր կանոնավոր բանակը բավարար չէ, և մեր անվտանգության համակարգն ուժեղացնելու համար ստեղծում ենք աշխարհազոր։ Ի դեպ, աշխարհազորի եզրահանգմանը մենք եկել ենք այն բանից հետո, երբ տեսել ենք, որ այլ սպառնալիքներ էլ կան, և դրանց պետք է պատրաստ լինենք։ Մենք ազգային անվտանգության ռազմավարությունում նշել ենք ՀՀ պետականության հարատևության դրույթը, և սպառնալիքներին պետք է պատրաստ լինենք»։

Անդրադառնալով Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի հարցին Արմեն Գրիգորյանը նշել է. «Ռազմաբազայի տեղակայումն Ադրբեջանում կնշանակի ամբողջ տարածաշրջանի ապակայունացում։ Թուրքիան, որպես ռազմական ուժ, տարածաշրջանում երկար տարիներ ուղղակի ներկա չի եղել, նույնիսկ դարեր ներկա չի եղել, և նման փոփոխությունը նշանակում է սպառնալիք տարածաշրջանի կայունությանը։ Եվ այս սպառնալիքը պետք է չեզոքացնել, ներուժը կա, և հնարավոր է այդ սպառնալիքը չեզոքացնել։ Այդ հնարավորություններն առկա են»:

Միաժամանակ, խոսելով Ադրբեջանի հնարավոր նոր սադրանքների մասին ԱԽ քարտուղարն ասել է. «Զինված ուժերի առջև դրված ցանկացած խնդիր անվտանգության հարցով լուծելի է։ Այստեղ ուզում եմ նշել մի հանգամանք, որ Ադրբեջանը շատ հարցերով անկանխատեսելի է դարձել։ Հուլիսյան ձախողումները, նավթի գների անկումն ու սոցիալ-տնտեսական խնդիրներն Ադրբեջանում Ալիևին դարձրել են անկանխատեսելի։ Իհարկե, Ալիևը կարող է ցանկացած քայլի դիմել, և շատ դժվար կլինի մեր ամբողջ ուժերը կենտրոնացնելով՝ կանխատեսել, թե Ալիևը ինչ կպլանավորի անել։ Այդ մասով մենք գնահատականներ մի քիչ կդժվարանանք տալ։ Կարող եմ ասել, որ ցանկացած նման պլան եթե ծագի, մենք հնարավորինս շուտ կիմանանք և պատրաստ ենք վիժեցնել նման ցանկացած պլան՝ մեր Զինված ուժերն ու անվտանգության համակարգը պատրաստ են դրան»։

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ