ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի եթերում
17 / 02 / 2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է նախկինների կողմից Արցախյան բանակցային գործընթացում թողնված ժառանգության, ինչպես նաև հայ ռազմագերիների, ստեղծված նոր իրողություններում Հայաստանի անվտանգային համակարգի, հայ-ռուսական համագործակցության և անվտանգային կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցերից:
Խոսելով հայ ռազմագերիների մասին` Արմեն Գրիգորյանը նշեց. «Ռազմագերիների հարցը ամենանուրբ հարցն է, որը, որոշ չափով ներքաղաքական դառնալով, որոշակի բարդություններ է առաջացրել: Իշխանությունն ամեն օր, նույնիսկ առանց մեկ վայրկյան կորցնելու, այս ուղղությամբ աշխատանքներ է տանում: Իհարկե, մեծ մասամբ այդ աշխատանքները տեսանելի չեն, բայց միանշանակ կարող եմ ասել, որ մեծ ջանք է գործադրվում այս խնդիրը լուծելու համար: Պարզապես խոչընդոտներ են ստեղծվել՝ հաշվի առնելով նաև ներքաղաքական իրավիճակը: Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ կկարողանանք այս հարցին լուծում տալ»:- Հավելեց, որ բոլոր գերատեսչությունները, որոնք որևէ առնչություն ունեն այս հարցին, ամենօրյա աշխատանք են տանում,- « Մենք հասկանում ենք բոլոր ծնողներին ու հարազատներին և այն իրավիճակը, որում նրանք են, և օր առաջ փորձում ենք այս հարցը լուծել»:
Կարևորելով բանակի բարեփոխումների և անվտանգային ռազմավարության հարցերը՝ Արմեն Գրիգորյանը նշեց. «Ստեղծված իրավիճակը մեզ բերել է նրան, որ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը պետք է, այսպես ասած, «update» արվի, և այն պետք է երեք հենասյուն ունենա:
Առաջինը հայկական բանակն է: Հայկական բանակը պետք է բարեփոխվի: Կարելի է ասել, որ այն շարունակական գործընթաց է եղել, բայց 2018 թվականից սկսած՝ մենք ինտենսիվ փորձում ենք բանակը բարեփոխել: Ի դեպ, վիրահատական միջամտություն չի եղել, այլ ընդամենը՝ ռեսուրսների, բանակի բյուջեի ավելացում: Օրինակ՝ 2018 թվականին բանակի բյուջեն կազմել է 468 միլիոն դոլար, իսկ արդեն 2020 թվականին այն հասել էր 625 միլիոնի, այսինքն՝ ռազմական բյուջեն ավելացրել ենք 33-34%-ով: Սննդակարգից սկսած՝ մի շարք բարեփոխումներ ենք արել, որպեսզի մեր կարողությունները բանակում ավելացնենք, և փորձը ցույց է տվել, որ անհրաժեշտություն կա առավելը անելու:
Երկրորդը՝ Հայաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերություններն են Ռուսաստանի հետ, որը կարևոր է Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից:
Եվ երրորդը՝ տարածաշրջանի ապաշրջափակումը և տնտեսական գործունեությունը: Մենք համոզված ենք, որ ապաշրջափակումը և տնտեսական գործունեությունը տարածաշրջանում, իրենց հետ բերելու են անվտանգության երաշխիքներ: Եվ այս երեք սյուները միմյանց փոխլրացնում են»:
Անդրադառնալով նախկին իշխանությունների թողած ծանր ժառանգությանը՝ Արմեն Գրիգորյանը հավելեց. «Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով: Ի դեպ, այդ խոստումներից հետո, որը որոշակի ժամանակացույց է ենթադրում, և այդ ժամանակացույցը որոշակի չափով ամռան ընթացքում էր, իսկ ամռան ընթացքում տեղի ունեցավ «Սանա ծռերը», որը օգտագործելով՝ Սերժ Սարգսյանը ևս որոշակի չափով հետաձգեց մինչև 2017 թվականի ապրիլ, այնուհետև՝ մինչև իշխանության տրանզիցիա: Բայց այդ մարդը, այդ բազմաթիվ խոստումները տալով, ստեղծելով այդպիսի բեռ Հայաստանի Հանրապետության համար, լքում է պաշտոնը և հետո գալիս-հայտարարում է, որ «ես պատրաստ էի ստորագրելու, ես պատրաստ էի ինչ-որ քայլերի», մինչդեռ հստակ ասեմ, որ իր տված խոստումների պատճառով, իր ստեղծած փակուղիների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ»:
Հավելեց, որ ՀՀ երրորդ նախագահի այն պնդումը, թե իր իշխանության օրոք սեղանին դրված փաստաթղթով Լաչինի և Քարվաճառի շրջանների վերադարձը Ադրբեջանին փոխկապված էր Արցախի կարգավիճակի հարցի հետ, իրականությանը չի համապատասխանում և, որ վերջիններիս վերադարձը նույնպես ուներ որոշակի ժամանակացույց՝ առանց հանրաքվեի հարցի վերջնական լուծման:
Տեսանյութն ամբողջությամբ այստեղ