ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Factor TV»-ին
16 / 04 / 2021
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Factor TV»֊ի եթերում խոսել է 44-օրյա պատերազմի որոշ դրվագների և այդ առնչությամբ հրապարակված փաստաթղթերի մասին:
Անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի տարածած հայտարարություններին և այդ առնչությամբ ԱԽ գրասենյակի կողմից հրապարակած փաստաթղթերին՝ Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ տպավորություն է ստեղծվում, թե Օնիկ Գասպարյանը փորձում է խմբագրել անցյալը, որովհետև այդ հայտարարություններում հնչած մտքերի մեծամասնությունը հակասում են իրականությանը, ինչը շատ հստակ ապացուցվում է ԱԽ գրասենյակի կողմից հրապարակված փաստաթղթերով:
Շարունակելով պատասխանը՝ Արմեն Գրիգորյանը հավելեց. «Շատ հակասական բաներ կան, օրինակ՝ Օնիկ Գասպարյանը ասում է, որ նշանակումից մի քանի օր հետո կայացած Անվտանգության խորհրդի նիստում զեկույցով է հանդես եկել, մինչդեռ հրապարակված փաստաթղթերում երևում է, որ Օնիկ Գասպարյանը այդ օրը զեկույց չի ունեցել: Ապա Օնիկ Գասպարյանը ասում է, որ պատերազմի չորրորդ օրն ասել է՝ պատերազմը պետք է կանգնեցնել, մինչդեռ փաստաթղթերում երևում է, որ 4-րդ օրը Օնիկ Գասպարյանի կողմից նման միտք չի հնչել, հակառակը Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, կայացած ԱԽ նիստում տեղեկացրել է, որ հակառակորդը ոչ մի առաջընթաց չունի, և որ Ջաբրայիլի ուղղությամբ անգամ ունենք որոշ հաջողություններ»:
Արմեն Գրիգորյանը նաև ուշագրավ համարեց այն հանգամանքը, որ նոյեմբերի 10-ից հետո Օնիկ Գասպարյանը մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող կարևոր գործընթացներին, սակայն որևէ անգամ հանրությունը նրան չի տեսել, հավելելով. « Օնիկ Գասպարյանը շարունակ անում է հայտարարություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ապա տալիս է պարզաբանումներ, բայց երբեք նրա խոսքը չենք լսել, չի եղել, որ Օնիկ Գասպարյանը հանրության առաջ ուղիղ խոսքով ներկայանար, հանրությունը տեսներ նրան։ Եվ երբ փորձում ենք այս փաստերը վերլուծել, տպավորություն է ստեղծվում, որ Օնիկ Գասպարյանի այս հայտարարություններով զբաղվում է ինչ-որ մեկը, ով պատասխանատվություն չի կրում իր ասածների համար», նմանեցնելով այս երևույթը ֆեյսբուքյան տիրույթում հաճախ հանդիպող ֆեյքերին և վերջիններիս անպատասխանատու պահվածքին:
Տեսանյութն ամբողջությամբ այստեղ