Մամլո հաղորդագրություններ

release

Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը

14 / 10 / 2016

Երևանում այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ), պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ), անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) համատեղ նիստը, որին մասնակցեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նիստի օրակարգում ընդգրկված շուրջ երեք տասնյակ հարցերի քննարկման արդյունքներով հավանության արժանացան և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հաստատմանը ներկայացվեցին «Մինչ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության», «ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի մասին», «Միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդմանն ուղղված՝ ՀԱՊԿ ձևաչափով լրացուցիչ միջոցառումների ցանկի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշումների նախագծերը, մի շարք այլ փաստաթղթեր:
Նիստում ՀԱՊԿ ԱԳՆԽ-ում, ՊՆԽ-ում և ԱԽՔԿ-ում նախագահությունը Հայաստանի Հանրապետությունից փոխանցվեց Բելառուսի Հանրապետությանը: Որոշվեց, որ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդներիքարտուղարների կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2017թ. առաջին կիսամյակում Բելառուսի Հանրապետությունում:
Միջոցառման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նաև երկկողմ հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որոնց ընթացքում քննարկվել է անվտանգության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Բելառուսական կողմի հետ հանդիպման արդյունքներով հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհուրդների միջև 2017-2018թթ. համագործակցության պլանը:
Օրվա երկրորդ կեսին Յուրի Խաչատուրովը ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցեց նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: