Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

17 / 06 / 2016

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

ԱԱԽ քարտուղարը նախ ողջունել է դեսպանին, հետո՝ հետաքրքրվել Ղազախստանի Ակտոբե քաղաքում տիրող իրավիճակով՝ հունիսի սկզբին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Լսելով դեսպանի ներկայացրած տեղեկատվությունը և ցավակցություն հայտնելով զոհերի կապակցությամբ, Ա.Գևորգյանը հաջողություն է մաղթել ղազախստանյան իշխանություններին Ակտոբեում իրավիճակի վերջնական կայունացման գործում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող մասով կողմերն անդրադարձել են «Մինչ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» նախագծի համաձայնեցման ավարտվող գործընթացին՝ ընդգծելով փաստաթղթի շուտափույթ համաձայնեցման և ընդունման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում ծավալվեց նաև Ղազախստանի Հանրապետության Նախագահ Ն.Նազարբաևի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդման միասնական համաշխարհային ցանց հիմնելու առաջարկության շուրջ: