Մամլո հաղորդագրություններ

release

Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը

24 / 12 / 2014

2014թ. դեկտեմբերի 22-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Թանանյանի գլխավորած ԱԱԽ աշխատակազմի պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ), պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) համատեղ նիստին:

Պատվիրակությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում անվտանգության գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների լույսի ներքո ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի վիճակի շուրջ, քննարկվել էՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. սեպտեմբերի 23-ի «Տաջիկա-աֆղանական սահմանի ուժեղացման գործում Տաջիկստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու մասին» որոշման կատարման ընթացքը:

Լիագումար նիստում ստորագրվել է շուրջ երկու տասնյակ որոշում, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման, ռազմատնտեսական ոլորտում համագործակցության, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեության, Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման, ՀԱՊԿ մշտապես գործող աշխատանքային մարմինների գործունեության ֆինանսավորման և մի շարք այլ հարցերին: