Մամլո հաղորդագրություններ

release

Պաշտպանության ռազմավարական վերանայումը մշտապես գտնվում է անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում

25 / 04 / 2014

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

ԱԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ պաշտպանության վերանայման գործընթացը մշտապես գտնվում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում` որպես ժամանակակից Զինված ուժերի ձևավորման, ռազմական սպառնալիքների չեզոքացման ու ռազմական անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ:
«Շուրջ չորս ամիսների ընթացքում ՀՀ Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և շահագրգիռ մարմինների աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ օպերատիվ կերպով իրականացնել ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթերի մշակումը՝ ՀՀ Նախագահի հաստատմանը ներկայացնելու համար: Հարկ եմ համարում նշել, որ նշված փաստաթղթի ընդունումն ունի ռազմավարական նշանակություն, ավելին` փաստաթղթով մեկնարկելու է ԱԱԽ աշխատակազմի կողմից ռազմավարական մի շարք հիմնարար նշանակության փաստաթղթերի մշակումը, որոնք սահմանված են ԱԱԽ 2014թ. գործունեության ծրագրով և ուղղված են ազգային անվտանգության իրավական ու մեթոդաբանական հիմքերի ամրապնդմանը: Մասնավորապես՝ 1. Ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման սցենարների, դրանցով գործելու տարբերակների մշակում, ըստ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման:
2. Ռազմաքաղաքական որոշումների ընդունման միասնական ալգորիթմի մշակում»,-նշել է Արթուր Բաղդասարյանը, հավելելով, որ նշված երկու հարցերը ենթակա են քննարկման ԱԱԽ-ում այս տարվա ընթացքում:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքի ավարտին ընդգծել է. «Պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ փուլում մենք պետք է ամրապնդենք նախորդ փուլի ձեռքբերումները, ապահովենք Զինված ուժերի համընթաց զարգացումը, ստեղծենք իրական երաշխիքներ ռազմական հնարավորությունների մեծացման, պետության և ժողովրդի պաշտպանվածության բարձրացման, զինված ուժերի մարտունակության ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված արդյունավետ քաղաքականության իրականացման համար»: