Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործակցության հեռանկարները
12 / 12 / 2013
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Բելոռուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Մեժուևի հետ:
Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության տարբեր ոլորտներում հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակը և հեռանկարները, երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Ալեքսանդր Մեժուևի հետ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ կողմերը շեշտեցին հայ-բելոռուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ երկու երկրների անվտանգության խորհուրդների դերակատարության կարևորությունը, համագործակցության նոր ոլորտների բացահայտման անհրաժեշտությունը:
Արթուր Բաղդասարյանն իր բելոռուս գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան, ինչը սիրով ընդունվեց:
Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Ալեքսանդր Մեդվեդենկոյի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի համապատասխան կառույցների աշխատակազմերի միջև համագործակցության հաստատման, ինչպես նաև անվտանգությանը և պաշտպանությանը վերաբերող հարցեր: