Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստանը կարևորում է «Մարս» գործարանի և «Մերգելյան ինստիտուտի» լիարժեք գործարկումը

12 / 12 / 2013

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Նախ տեղի ունեցավ ԱԱԽ քարտուղարի հանդիպումը «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինի հետ:

Քննարկվեցին վերջին շրջանում Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից ծավալվող գործունեության ընդլայնման, մասնավորապես, ս.թ. հոկտեմբերի 3-4-ը Ս.Կալուգինի Երևան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով ստորագրված արձանագրության կետերի կատարման հետ կապված հարցերը: Դրական գնահատելով համագործակցության առկա արդյունքները` կողմերը պայմանավորվեցին շարունակել դրա խորացմանն ուղղված ջանքերը: Այնուհետև տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպման մասնակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին նշված ոլորտում հայ-ռուսական շփումների ակտիվության կապակցությամբ` հատուկ ընդգծելով վերջերս` ս.թ. 25-29-ը Երևանում կայացած հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: ԱԱԽ քարտուղարը նշեց, որ երկու երկրների միջև ռազմարդյունաբերական համալիրի բնագավառում փոխգործակցության որակապես նոր մակարդակի հասնելու գործում առանցքային դեր կխաղա Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված պայմանագիրը, որը ս.թ. դեկտեմբերի 4-ին վավերացվել է հայկական կողմից: Կողմերը քննարկեցին նաև երկկողմ փոխգործակցության ծավալման հնարավորությունները ռազմարդյունաբերական ոլորտի մի շարք նոր և հեռանկարային ուղղություններով: ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի հետ հանդիպմանը կողմերը քննարկեցին «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ռուսական կողմին փոխանցված «Մարս» ՓԲԸ գործարանի և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ ձեռնարկությունների զարգացման ծրագրերի հետ կապված հարցերը: ԱԱԽ քարտուղարը նշեց, որ հայկական կողմը կարևորում է նշված ձեռնարկությունների լիարժեք գործարկումը երկարաժամկետ հեռանկարում: Կողմերի համոզմամբ, նշված գործընթացի հաջող իրականացումը թույլ կտա խորացնել հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը թե՛ տնտեսական, թե՛ ռազմարդյունաբերական բնագավառներում: