Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ-ի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի

22 / 10 / 2013

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հոկտեմբերի 21-23-ը պաշտոնակամ այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Յուրի Ֆեդոտովը նշեց, որ իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի նպատակն է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և ՀՀ պետական պատկան մարմինների միջև համագործակցության ուղիների նախանշումն ու զարգացումը: Նա նաև նշեց, որ ոչ մի երկիր միայնակ չի կարող պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Այն ավելի համակարգված և արդյունավետ կարող է լինել, եթե կա համագործակցություն և կոնկրետ միջոցառումների ցանկ:

ԱԱԽ Քարտուղարը նախ կարևորեց Յուրի Ֆեդոտովի այցը և իր պատրաստակամությունը հայտնեց զարգացնելու և խորացնելու սկիզբ առնող համագործակցությունը: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն պայքարում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, որի արդյունքում այսօր Հայաստանում թմրանյութերի օգտագործման և տարածման ցուցանիշները բավականին ցածր են:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ իր գլխավորությամբ գործում է Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ՀԱՊԿ շրջանակներում ամեն տարի իրականացվում է «Կանալ» հակաթմրանյութային գործողությունը, իսկ ԱԱԽ աշխատակազմը մշակել է Թմրամոլության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որը շուտով կհաստատվի Անվտանգության խորհրդի նիստում:

Արթուր Բաղդասարյանի խոսքով այս և բազմաթիվ այլ ձեռնարկվող միջոցառումներ թույլ են տալիս, որ Հայաստանում այդ չարիքի դեմ իրականացվի արդյունավետ պայքար:

Արթուր Բաղդասարյանն ու Յուրի Ֆեդոտովը պայմանավորվեցին առաջիկայում Հայաստանի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ: