Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին
12 / 08 / 2019
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին՝ վերջինիս խնդրանքով:
Դեսպան Սաջջադին, տեղեկացնելով իր պաշտոնավարման քառամյա շրջանի ավարտի և Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնեց անցնող ժամանակահատվածում ՀՀ տարբեր գերատեսչությունների՝ ԻԻՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար:
Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը հազարամյակների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը:
Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ քարտուղար Գրիգորյանը նաև շնորհակալություն հայտնեց դեսպան Սաջջադիին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի ու ցուցաբերած նվիրվածության համար և հաջողություն մաղթեց վերջինիս նոր նշանակումներում:
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ եղավ առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերին: