Մարտի 6-7-ը կայանալու է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան
03 / 03 / 2017
2017թ. մարտի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի հրավերով տեղի է ունենալու է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան:
Այցի շրջանակներում կայանալու են Յուրի Խաչատուրովի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվի Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրավիճակը Հարավային Կովկասում, փոխգործակցությունը ռազմատեխնիկական և ռազմատնտեսական ոլորտներում, համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Երկկողմ բանակցությունների արդյունքներով կստորագրվի արձանագրություն:
Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ պատվիրակության այցի շրջանակներում նախատեսված են նաև երկու երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների փորձագիտական խորհրդատվությունները: