Մամլո հաղորդագրություններ

release

Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սանկտ-Պետերբուրգում մասնակցեց ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին

23 / 11 / 2012

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սանկտ-Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում քննարկվեցին հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության, ինչպես նաև Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետևանքերի և իրավիճակի հնարավոր սրման դեպքում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նիստում ելույթով հանդես եկավ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով ընդհանուր գնահատական տվեց Աֆղանստանի հետ կապված իրավիճակին և անդրադարձավ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:

Դրանք վերաբերում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև ռազմարդյունաբերական ոլորտում փոխգործակցության, միջպետական մակարդակով ընդունված որոշումների իրականացման ապահովման ու իրավական աջակցության, տեղեկատվության փոխանակման ոլորտում մեխանիզմների ներդրմանն ու կատարելագործմանը:

Իր ելույթում Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց նիստի մասնակիցներին, որ 2013 թվականին կկազմակերպվի և կանցկացվի «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությունը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Երևանում: