Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստանը կունենա էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ

14 / 11 / 2012

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է <<Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ>>:

Կարևորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը, նշել է, որ էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե կարճաժամկետ և թե երկարաժամկետ հեռանկարում: Արթուր Բաղդասարյանի տեղեկացմամբ Էներգետիկ անվտանգության հայեցակարգը արդեն մշակված է. <<Երկու տարվա աշխատանքի արդյունքում, միջգերատեսչական խմբի շրջանակներում, մշակել ենք Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը, որը մինչև այս տարվա ավարտը կքքնարկվի նաև Անվտանգության խորհրդի նիստում: Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը կարևորագույն փաստաթուղթ է մեր երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից` հաշվի առնելով նաև Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Փաստաթուղթը, որի մեջ ներառված են շուրջ 120 առաջարկություններ, պատրաստ է քննարկման, իսկ դրա ընդունմամբ մենք շատ կարևոր քայլ ենք կատարում ոչ միայն մեր միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից, այլ նաև մեր Ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված դրույթները կյանքի կոչելու առումով>>:

Միջգերատեսչական աշխատանքային խումբը հավանության արժանացրեց Էներգետիկ անվտանգության հայեցակարգը և որոշում ընդունեց այն ներկայացնել Անվտանգության խորհուրդ հաստատման: