ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիևի հետ
25 / 10 / 2012
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիևի հետ, ում հետ քննարկվել են ՇՀԿ-ում Հայաստանի դիտորդական անդամակցությանն առնչվող հարցեր: ԱԱԽ քարտուղարը մասնակցել է նաև ՇՀԿ և ՀԱՊԿ-ի կազմակերպած համատեղ խորհրդաժողովին, որին ներկա է գտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Խորհրդաժողովին հաջորդել է Արթուր Բաղդասարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են ստորագրված պլանի համաձայն 2013 թվականի ընթացքում Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությանն առնչվող հարցեր:
Այնուհետև Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի անդամ Չեն Ֆենսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Չինաստան ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Չեն Ֆենսյանին են փոխանցվել Հայաստանի Հանրապետական և <<Օրինաց երկիր>> կուսակցությունների պաշտոնական հրավերները` վերջինիս Հայաստան այցելելու վերաբերյալ: Պաշտոնապես հայտարարվել է ՕԵԿ-ի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև միջկուսակցական համագործակցության մասին:
Աշխատանքային հաջորդ հանդիպումը կայացել է ՉԺՀ ներդրումային գործակալության ղեկավար Սյու Ցզինի հետ, ում հետ քննարկվել են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերում չինական կողմի մասնակցությանն ու ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր: