Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում Շանհայի համագործակցության կազմակերպության պատվիրակության հետ

10 / 10 / 2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի գործադիր կոմիտեի (ՇՀԿ ՀՏԿ ԳԿ) տնօրեն Ջումախոն Գիյոսովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ողջունել է ՇՀԿ ՀՏԿ գործադիր կոմիտեի պատվիրակությանը Հայաստանում և նշել, որ Հայաստանը հետաքրքրված է կապերի խորացման առկա հնարավորություններով։

Միաժամանակ ԱԽ քարտուղարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման վրա, որը Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Սիրիայի Հանրապետության տարածք ներխուժելու հետևանք է։ Հայաստանը վճռականորեն դեմ է արտահայտվում նման գործողություններին և կոչ է անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել:

Քարտուղար Գրիգորյանը հատուկ կարևորեց ահաբեկչության դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ՇՀԿ ՀՏԿ գործունեության կարևորությունն այս համատեքստում։

Քարտուղարը մասնավորապես նշեց. «ՀՀ-ն հաստատակամորեն մերժում է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով՝ անկախ դրա հիմքում ընկած պատճառներից, շարժառիթներից ու նպատակներից: Ահաբեկչական գործունեությունը չպետք է շաղկապվի և նույնականացվի որևէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի կամ էթնիկ խմբի հետ»:

Պարոն Գիյոսովը իր հերթին ներկայացրեց իր պատվիրակության նպատակները, Հայաստանի և ՇՀԿ հարաբերությունների ներկայիս մակարդակն ու օրակարգը և նախապատրաստվող միջոցառումները։