Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի և ՄԱԿ-ի ՄԱԶԾ (UNDP) ղեկավարներին

16 / 01 / 2017

Սույն թվականի հունվարի 16-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունում ԱԱԽ քարտուղար Յու. Խաչատուրովն ընդունել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի և ՄԱԿ-ի ՄԱԶԾ (UNDP) ղեկավարների, ինչպես նաև փորձագետներին:
Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար Բորուտ Էրժենը համառոտ ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և առաքելության նպատակը:
Նշված ծրագիրը մեկնարկել է 2016թ. հունվարի 1-ից և նախնական կանխատեսումներով ընթանալու է միչև 2018թ. դեկտեմբեր ամիսը: Ծրագրի որոշ բաղադրիչները՝ կապված սահմանի կառավարման և անվտանգության հետ, իրականացվում են ՄԱԿ-ի ՄԱԶԾ (UNDP) հետ համատեղ: Բաղադրիչներից մեկը «Մեղրի» ՊՈԱԿ արդիկանացման համար անհրաժեշտ նախագծային-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի կազմումն է: Այս կապակցությամբ 2016թ. նոյեմբերի 30-ին ԱԱԽ քարտուղարի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում շահագրգիռ գերատեսչությունների, ICMPD և UNDP կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում սահմանի համալիր կառավարման գնահատման առաքելության ծրագրի շրջանակներում սույն թվականի հունվարի 17-18-ը վերոնշյալ միջազգային կազմակերպությունների փորձագետները նախատեսում են անցկացնել հանդիպումներ և հարցազրույցներ սահմանային ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների անձնակազմերի հետ: Ուսումնասիրության նպատակն է՝ գնահատել սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման գործընթացը, կիրառվող գործառնական ընթացակարգերի համապատասխանությունը ՍՀԿ սկզբունքներին, միջսահմանային համագործակցությանը վերաբերող ազգային և երկկողմ պայմանագրաիրավական հարցերը, այդ թվում՝ ՊՈԱԿ-ների համատեղ օգտագործման մասին հայ-վրացական համաձայնագրի իրականացման և սահմանային ներկայացուցիչների ինստիտուտի ներդրման ընթացքը:
Յու. Խաչատուրովը կարևորել է սահմանի անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵՄ և ՄԱԶԾ աջակցությունը, որը միտված է պետական սահմանի անցման կետերում ներդնելու ժամանակակից ընթացակարգեր, այդ թվում՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը, և դարձնելու սահմանի անցման գործընթացն ավելի սահուն, անվտանգ և հարմարավետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելության ավարտին ԱԱԽ քարտուղարությանը ներկայացնել ուսումնասիրության համառոտ արդյունքները: