ԱԽ քարտուղարի ելույթը
20 / 11 / 2019
Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպումը։
Հանդիպման ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ ելույթով։
Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:
«Բարի օր, հարգելի՛ գործընկերներ,
Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու և ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ ողջունում եմ մեր հանդիպման բոլոր մասնակիցներին և մաղթում բոլորին արդյունավետ աշխատանք:
Այսօր մենք բավականին հագեցած օրակարգ ունենք. մենք լսեցինք ինչպես տեղեկատվական, այնպես էլ արդիական հարցերի քննարկման զեկույցներ, որոնք հետաքրքիր էին և բովանդակալից:
Հաշվի առնելով իմ ելույթի կանոնակարգը՝ տեղեկատվական զեկույցներից ցանկանում եմ առանձնացնել Ռուսաստանի Զինված ուժերի Ինժեներական զորքերի ներկայացուցչի զեկույցը Միջազգային հակաականային կենտրոնի գործունեության վերաբերյալ և մարդասիրական ականազերծման մասին ցուցադրված ֆիլմը: Դուք իրականում շատ կարևոր, օգտակար և ազնվական գործ եք անում, չէ՞ որ Ձեր շնորհիվ հազարավոր մարդիկ ողջ են մնում, առողջ ու անվտանգ:
Այս թեման հետաքրքիր է մեզ նաև այն պատճառով, որ 2019 թվականի փետրվարին Սիրիայում իր առաքելությունն սկսեց հայ մասնագետների խումբը, որի կազմի մեջ են մտնում ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձիք: Հայկական առաքելության գործունեությունն իրականացվում է ռուսական կողմի հետ համագործակցությամբ և նրա տեխնիկական աջակցությամբ:
Ցանկանում եմ նաև կարճ անդրադառնալ այն պատճառներին, որոնցով առաջնորդվելով որոշեցինք մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիա:
Առաջինը պատմականն է: Հարյուր տարի առաջ սիրիացիները պատսպարեցին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Եվ այսօր, երախտագիտությամբ հիշելով այդ ժամանակ ցուցաբերած աջակցությունը, մենք, պատկերավոր ասած, ձգտում ենք վերադարձնել պարտքը, օգնել Սիրիային, որը հիմա դժվարության մեջ է, և ինքն ունի օգնության կարիք:
Երկրորդ գործոնը Սիրիայում խոշոր հայկական համայնքի առկայությունն է:
Մեր պետությունը պատասխանատվություն է զգում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Այդ պատճառով, սիրիական կառավարության կողմից պաշտոնական դիմումին համապատասխան, Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առել նաև Հալեպ քաղաքի հայկական համայնքի խնդրանքը:
Երրորդ՝ Հայաստանը, լուծելով սեփական անվտանգության հարցերը, պատասխանատվություն է զգում նաև ընդհանուր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: Այդ առումով մենք միշտ ձգտում ենք ունենալ ընդհանուր գործում մեր ներդրումը, և Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությունը հենց այս տրամաբանության մեջ է:
Անցած ժամանակահատվածում առաքելության աշխատանքի արդյունքում հայկական սակրավորները Սիրիայում ականազերծել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք՝ օգնելով տեղացիներին վերագտնել կյանքի խաղաղ, նորմալ ռիթմը: Հայկական մարդասիրական առաքելության բժիշկները նշված ժամանակահատվածում բժշկական օգնություն են ցուցաբերել հազարավոր սիրիացիների, իրականացրել են հարյուրավոր վիրաբուժական վիրահատություններ: Ընդ որում՝ ցանկանում են ընդգծել, որ մենք կարևորում ենք մեր առաքելությունը անգամ մեկ մարդկային կյանք փրկելու դեպքում:
Այս տարվա հոկտեմբերի 14-ին հայկական մարդասիրական առաքելության մասնագետների հերթական խումբը մեկնեց Սիրիա՝ փոխարինելով այնտեղ գտնվող նախորդ խմբին, և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում հաջողությամբ շարունակվում է:
***
Ինչ վերաբերում է քննարկման ենթակա հարցերին, ապա օրակարգի հերթականությամբ ցանկանում եմ նախևառաջ անդրադառնալ անվտանգության ապահովման համար քիմիական և կենսաբանական սպառնալիքներին:
Տեղեկացնեմ, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության խորհրդի աշխատակազմի համակարգող դերակատարությամբ ընթանում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը: Աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և շուտով մենք քննարկման կներկայացնենք փաստաթղթի ամբողջական նախագիծը, որը կընդունվի վերջնական համաձայնեցումից հետո:
Կենսաբանական անվտանգության մասով ընդգծեմ, որ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Կենսաբանական անվտանգության հարցերով աշխատանքային խումբ, որի ղեկավարումը վերապահվել է ինձ: Ներկայումս աշխատանքային խումբը, համակարգվելով Հայաստանի Անվտանգության խորհրդի անձնակազմի կողմից, ակտիվ աշխատանքներ է իրականացնում նորմատիվ բազայի ստեղծման և կատարելագործման, այդ ոլորտում միջոցառումների իրականացման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ: Մեծ ծավալով աշխատանք է իրականացվել, և մեծապես հենց աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքի շնորհիվ են մեր գործընկերների մոտ փարատվել եղած կասկածները:
Մեր կողմից պատրաստվում է «Կենսաբանական անվտանգության և կենսաբանական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը համակարգային կերպով պետք է կարգավորի այդ ոլորտը: Նրանում կսահմանվեն պետական մարմինների լիազորություններն ու պարտականությունները, կհաստատվեն հետազոտությունների անցկացման պահանջները, կենսաբանորեն վտանգավոր նյութերի արտադրության, օգտագործման, պահեստավորման, ներմուծման, արտահանման, տարանցման և այլ գործողությունների կանոններն ու կանոնակարգերը, կլուծվեն այլ կարևոր հարցեր: Հիմնական սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք այս ոլորտում, ոլորտի թափանցիկությունն է, Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի դրույթների անվերապահ և հստակ կատարումը:
Այս կոնտեքստում ուզում են առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաները գործում են միայն մեր իրավասության ներքո, մեր պետության պետական գերատեսչությունների ենթակայությամբ և համալրված են բացառապես տեղական մասնագետներով:
Դրա հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է կենսաբանական անվտագության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը: Ի հաստատումն դրա՝ նշեմ, որ այս տարվա հոկտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցան կենսաբանական անվտանգության հարցերով խորհրդակցություններ՝ ռուս-հայկական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում այս հարցի համար փոխանակվեցին մանրակրկիտ և վստահելի կարծիքներ: Խորհրդակցությունները ևս մեկ անգամ հաստատեցին Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը և կենսաբանական անվտանգության ոլորտում մասնագիտացված բազմակողմ հարթակներում սերտ համակարգման և փոխգործակցության պատրաստակամությունը:
Մենք նաև պատրաստ ենք համագործակցության ԱՊՀ շրջանակներում ինչպես բազմակողմանի ձևաչափով, այնպես էլ երկկողմ հարթությունում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կենսաբանական անվտանգության ոլորտում մեր համագործակցության զարգացման համար կարևոր նշանակություն ունեն Համագործակցության շրջանակներում նորմատիվ-իրավական բազայի զարգացումը, փորձի փոխանակումը, մասնագետների փոխադարձ այցելությունները, սեմինարների և քննարկումների անցկացումը, համատեղ միջոցառումների իրականացումը:
***
Ինչ վերաբերում է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում տիրող իրավիճակին՝ ավելացնեմ, որ այդ կոնտեքստում մենք կարևորում ենք մասնագիտացված միջազգային հարթակներում ԱՊՀ անդամ պետությունների ջանքերի համախմբման գործընթացը, ներկայումս առկա բոլոր ձևաչափերի և հնարավորությունների օգտագործումը:
Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդին կից Աֆղանստանի հարցով աշխատանքային խմբի գործունեությանը, որն ուղղված է այդ գծով ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեության համակարգմանը: Այս աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 28-29-ին, Դուշանբեում:
Աֆղանստանից բխող անվտանգության լուրջ սպառնալիքներից մեկը թմրավաճառությունն է, որը վերածվել է համաշխարհային խնդրի: Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն մասնակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված միջոցառումներին: Որպես օրինակ նշեմ, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-27-ը ՀԱՊԿ հովանու ներքո իրականացվող «ԿԱՆԱԼ» հակաթմրանյութային տարածաշրջանային համալիր գործողության շրջանակներում իրականացվեց «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» ենթատարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը տեղակայվել էր Երևանում: Գործողությունների մասնակից պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների տարածքն ընդգրկող ահռելի տարածքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է ավելի քան 17 տոննա թմրամիջոց, բացահայտվել է ավելի քան 1600 թմրանյութերի հետ կապված հանցագործություն, ձերբակալվել է թմրավաճառության հետ կապված ավելի քան 2600 անձ:
Որպես Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համագործակցության մեկ այլ ուղղություն՝ կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, 2010 թվականից սկսած, մասնակցում է Աֆղանստանում անվտանգությունը խթանելու համար միջազգային առաքելություններին՝ իր ներդրումն ունենալով միջազգային հավաքական ուժերում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մասնակցել Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը:
***
Աֆղանական խնդրի հետ սերտ կապված է մեր օրակարգի մեկ այլ թեման ևս՝ օտարերկրյա ահաբեկիչներից եկող սպառնալիքների չեզոքացմանն ուղղված համագործակցության բարելավումը և ԱՊՀ անդամ պետությունների տարածքով նրանց տեղաշարժի բացառումը:
Չնայած նրան, որ Հայաստանում օբյեկտիվ պատճառներով բացակայում են բարենպաստ պայմաններ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության և ահաբեկչության ֆինանսավորման համար, մենք հասկանում ենք, որ որպես տարանցիկ ճանապարհ գրոհայինները կարող են օգտագործել նաև մեր երկրի տարածքը: Ներկայումս ոչ ոք չի կարող պնդել, որ կարող է հեռու մնալ այդ գործընթացներից: Այդ պատճառով մենք անընդհատ հսկողության տակ ենք պահում իրավիճակը և հետևում միտումներին՝ պատրաստ լինելով ժամանակին արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխությանը:
Մասնավորապես՝ այս տարի ՀԱՊԿ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, անց է կացվել «Վարձկան» օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը, որն ուղղված էր գրոհայինների վերաբաշխումն ու փոխադրումը կանխելուն:
Մենք նաև աշխատանքներ ենք իրականացնում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցության հաստատման ուղղությամբ, որտեղ Հայաստանն ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, մասնավորապես՝ ՇՀԿ հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի ձևաչափում:
Ուզում եմ նաև հատուկ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել դեպք, որ որևիցե կազմակերպություն կամ կառույց դատական կարգով ճանաչվի ահաբեկչական: Այսինքն՝ այս առումով մենք, ի տարբերություն այլ երկրների, հանդիսանում ենք բարեկեցիկ երկիր:
Շնորհակալություն ուշադրության համար»: