Հայաստանում կներդրվի պրոբացիոն համակարգ
29 / 06 / 2012
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ սեմինար-քննարկմանը, որը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության խորհրդատվական խումբը և ՀՀ արդարադատության նախարարությունը:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան և Եվրոպայի պրոբացիոն ծառայության նախագահ Մարկ Սերոնը:
Ողջունի խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. “Հայաստանում քրեակատարողական հաստատությունների գերբեռնվածությունը մտահոգիչ խնդիր է, և այն նաև կարևորվում է այս ոլորտում Հայաստանի` ԵՄ չափանիշներին համապատասխանեցման համատեքստում: Անհրաժեշտ է միջոցներ ձեռարկել քրեակատարողական հաստատությունների ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաև հանրության համար վտանգ չներկայացնող անձանց նկատմամբ պատժի միջոցների բարեփոխման ուղղությամբ”:
Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծումը ներառված է դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. և Հայաստան-ԵՄ 2012-2013թթ. ծրագրում: Արթուր Բաղդասարյանի խոսքով` պրոբացիան, որպես այլընտրանքային պատժատեսակ, ունի մի շարք առավելություններ, և պրոբացիոն հաստատության հիմնումը կնպաստի քրեական արդարադատության համակարգի կողմից հանցագործություն կատարած անձի ուղղմանը և հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանն ուղղված գործողությունների արդյունավետության բարձրացմանը:
ԱԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով անհրաժեշտ է հստակ սահմանել պրոբացիայի կիրառման դեպքերն ու հանգամանքները, ինչպես նաև կարևորել է պրոբացիոն ծառայության և մյուս ծառայությունների միջև համագործակցության ձևերի և իրավական հիմքերի հստակեցման անհրաժեշտությունը:
ԱԱԽ մամուլի գրասենյակ